Տնտեսություն

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում նոյեմբերի 27-ին կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը:

Բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը:

Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը:

Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:

Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության որոշումների կայացման գերագույն մարմինն  է, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում