Հայաստան

Տավուշում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ

3 րոպեի ընթերցում

Տավուշում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՆԳՆ փրկարար ծառայության տարածած ամփոփ տեղեկատվություն պարունակող հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա։ 

«Հրդեհաշիջման գործողությունները կազմակերպվում և կառավարվում են տեղում ձևավորված օպերատիվ շտաբի կողմից։ Շտաբի ղեկավարումը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Տեղում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համակարգում և իրականացնում է լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն և ընթացիկ զարգացումները»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

ՆԳՆ-ի փոխանցմաբ՝ օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ 

«Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր: Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում»,-նշել է ՆԳՆ-ն։

Ներքին գործերի նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնել զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։  

ՆԳՆ-ն նորից հանրությանը հորդորել է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում