Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը առցանց ձևաչափով դասախոսություն է անցկացրել Մալթայի համալսարանի մագիստրոսների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը առցանց ձևաչափով դասախոսություն է անցկացրել Մալթայի համալսարանի մագիստրոսների համար

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մալթայի համալսարանում մագիստրոսական ծրագրի շրջանակում սովորող ուսանողների համար նախատեսված «Լավ կառավարում և առաջնորդություն» ուսումնական ծրագրի շրջանակներում առցանց ձևաչափով դասախոսություն է անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ մանրամասնելով, որ դասախոսությունն իրականացվել է  Մալթայի համալսարանի պրոֆեսոր Աննա Մարի Թեյքի հրավերով։

Հաղորդվում է, որ դասախոսության ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ իրավունքների պահպանման մշտադիտարկմանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատին և գործունեության շրջանակին, թափանցիկությանը և հաշվետվողականության ապահովման էթիկական և գործնական մարտահրավերներին, այն ուղիներին, որոնցով մասնագետներն ու գիտնականները կարող են խթանել մարդու իրավունքների բնագավառում քննադատական մտածողություն և իրավունքահեն մշակույթ: 

Նշվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում առկա մարդու իրավունքների մարտահրավերները, խոսել իր աշխատանքային գործունեության, վերջինիս շրջանակներում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին: 

«Պաշտպանը խոսել է նաև մարդու իրավունքների ոլորտում գործող էթիկական չափանիշների ու դրանց պահպանման առումով առկա մարտահրավերների մասին»,-ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ դասախոսությանը մասնակցել են «Օմբուդսմանական իրավունք և կառավարում»,  «Հանրային քաղաքականություն և ռազմավարական կառավարում», «Հանրային քաղաքականության ղեկավարում» մագիստրոսական ծրագրերի ուսանողներ: 

Դասախոսության ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում