Հայաստան

Հայաստանում կրթության, աշխատաշուկայի պահանջների և օրենսդրական  բացերի հարցերը քննարկվեցին ոլորտին նվիրված համաժողովում

7 րոպեի ընթերցում

Հայաստանում կրթության, աշխատաշուկայի պահանջների և օրենսդրական  բացերի հարցերը քննարկվեցին ոլորտին նվիրված համաժողովում

Հայաստանում միջին մասնագիտական կրթության, աշխատաշուկայի կարիքների, օրենսդրական բացերի և այլ խնդիրների վրա մասնագետների, հանրության ուշադրությունը հրավիրելու, խնդիրների լուծման առաջարկներ լսելու նպատակով Երևանում անցկացվեց «Երիտասարդներ և սոցիալական ձեռնարկատիրություն. տարածաշրջանային, ազգային և միջազգային մարտահրավերները» համաժողովը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Բիզնես և կրթություն ասոցիացիա»-ի  նախագահ Մարինե Ժամկոչյանի խոսքով՝ ցանկանում են համաժողովի քննարկման թեմաների շուրջ առողջ երկխոսություն ձևավորել բոլոր շահագրգիռ կողմերի միջև։

«Կրթությունը մեղադրում է բիզնեսին, բիզնեսը՝ կրթությանը, բոլորը՝ պետությանը, բայց երբևէ  համատեղ գործողություններ չեն իրականացվում հասկանալու, թե ինչն է խնդիրը և ինչպես է հնարավոր լուծել այն։ Համաժողովը հարթակ է, որի միջոցով բոլոր կողմերին հրավիրում ենք երկխոսության, վեր ենք հանում խնդիրները, բարեփոխումների գաղափարներ ենք առաջ քաշում և այլն։ Եթե բոլոր կողմերը համատեղ չաշխատեն, ոչնչի չենք հասնի»,-շեշտեց նա։ 

Ըստ Ժամկոչյանի՝ աշխատանք կա, պահանջարկ կա, աշխատանք փնտրողներ կան, բայց քիչ չեն թափուր աշխատատեղերը։ Կարծում է՝ պատճառներից մեկը բոլորին միմյանց կապող օղակի բացակայությունն է։ «Չկա հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ինչի կարիք ունի գործարարը, ինչ կրթություն է  հարկավոր, ինչով է պետք աջակցել պետությանը և այլն։ Տարիներ շարունակ մեր նպատակն է նպաստել պետության զարգացմանը. երիտասարդների ձեռնարկատիրություն, կրթական հաստատությունների կարիքների որոշ չափով բավարարում և այլն»,-ասաց նա։

Մարինե Ժամկոչյանը խոստովանեց՝ սկզբում երկխոսությունը դժվար է ստացվել, սակայն տարիների չարչարանքը  զուր չի եղել, քանի որ կողմերն ավել բաց են դարձել, ազատ արտահայտում են մտքերը, չեն մտահոգվում, որ խնդիրները վեր հանելը կարող է նոր խնդիրներ առաջացնել և այլն։

Ժամկոչյանը ոլորտի ամենամեծ խնդիրն է համարում այն, որ աշխատանք փնտրողների կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի պահանջներին. շատերի գիտելիքները տեսական են, ոչ մի պրակտիկ փորձառություն չկա, և գործատուն ստիպված է ժամանակ ու ջանք գործադրել աշխատակցին գործնական գիտելիքներ տալու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը կարծում է, որ աշխատանք գտնելու գործում մեծ նշանակություն ունի մասնագիտական կողմնորոշումը, որի ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տանել այն երիտասարդների հետ, որոնք լավ չեն պատկերացնում աշխատաշուկան, ոլորտները, բայց սովորելու մեծ ցանկություն ունեն։ «Հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ անձը կրթություն է ստանում, բայց հետո հասկանում է, որ երկար տարիներ ճիշտ ուղղությամբ չի գնացել ու չի ցանկանում տվյալ մասնագիտությամբ աշխատել, ինչի պատճառով սկսում է վերամասնագիտանալ, ինչը և՛ ժամանակ, և՛ ֆինանսական, սոցիալական խնդիրներ է ստեղծում, երբեմն էլ հանգեցնում է արտագնա աշխատանքի։ Նաև դա հաշվի առնելով՝ ընդունվեց 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարությունը, որով շատ կարևորեցինք մեր համագործակցությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, քանի որ աշխատանքն ու կրթությունը փոխկապակցված են։ Համագործակցում ենք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որովհետև պետք է կրթություն, գործատուների հետ աշխատանք ու տնտեսության մեջ աշխատատեղերի ստեղծում։ Եթե այս երեք շղթան ճիշտ աշխատում են,  ավելի հեշտ է ստացվում աշխատանք գտնելը»,-շեշտեց նա։

Նա շատ է մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես է պատահել, որ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում բոլոր  գործատուներն աշխատողի կարիք ունեն, շատ են նաև աշխատանք փնտրողները, սակայն չեն գտնում միմյանց։ 

«Կարևոր են ինֆորմացիայի տարածումը, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելը։ Հաճախ իրար կողքով քայլում ենք, բայց չգիտենք, որ իրար պետք ենք։ Ամենամեծ պատճառներից է նաև այն, որ մեր ցանկությունները և մյուս կողմի պահանջները չեն համապատասխանում։ Մեր երիտասարդները միանգամից բարձր պաշտոններ են ակնկալում կամ բարձր աշխատավարձ և պատրաստ չեն աշխատել ցածր աշխատավարձով»,-ասաց Սարգսյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը նախորդ տարին բեկումնային համարեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի համար, որովհետև ընդունվեց նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որի հիմնական ուղղությունը երկխոսություն ստեղծելն է ՄԿՈՒ հաստատությունների, սովորողների, շրջանավարտների և գործատուների միջև։ Կարծում է՝ դա այն առանցքային կապն է, որն այսօր պակասում է։

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը մի շարք ոլորտային հարցերի քննարկման գործում՝ Մելոյանն ընդգծեց, որ այն իր շուրջ է համախմբել այնպիսի մեծ ներուժ ունեցող մասնագետների, մարդկանց, որոնց հետ արդեն համագործակցել են։

«Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը հաստատում է առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկը. մենք ներկայացնում ենք գերակա և առաջնային կարևորության մասնագիտություններ, որոնց պահանջարկն այսօր պետությունը շատ ունի, սակայն դիմողներ չկան, այսինքն՝ հետաքրքրություն չկա այդ մասնագիտությունների հանդեպ։ Ըստ այդ ցանկի՝ որոշվում են գերակա ուղղությունները, որոնք հիմնականում արդյունաբերության և շինարարության ոլորտներն են ծածկում։ Այստեղ կարևոր քաղաքականություն է տարվում պետության կողմից՝ սահմանելով կրթաթոշակ գերակա ուղղությամբ մասնագիտություններ ընտրելու պարագայում»,-շեշտեց Սիրանուշ Մելոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում