ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում՝ Երևան, Թբիլիսյան 22/7 հասցեում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ օբյեկտի հատակի մակերևույթը մասամբ վնասված է եղել և ենթակա է եղել վերանորոգման։ Խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր։ Նորոգված վիճակում չեն եղել նաև առաստաղները, ինչի հետևանքով հնարավոր չի եղել լիարժեք կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հայտնաբերված խախտումների հիմքով հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Խախտումների վերացման համար սահմանվել է համապատասխան ժամկետ։