ՀՀ կառավարությունը հարկերը նվազեցնելու մեծ տեղ չունի, սակայն չունի նաև բարձրացնելու ամբիցիա
5 րոպեի ընթերցում
Կառավարությունը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը փոքրացնելու մեծ տեղ չունի՝հաշվի առնելով ենթակառուցվածքային ու սոցիալական ծախսերը, միևնույն ժամանակ դրանք բարձրացնելու ամբիցիա էլ չունի՝ հասկանալով, որ այս փուլում հարկերի բարձրացումը չի կարող բերել արդյունավետության բարձրացման:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի «Հայաստանի տնտեսական զարկերակը. ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի» զեկույցի շնորհանդեսի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Համաշխարհային բանկի Հայաստան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներին, նշեց.«Աճի տեմպը թեև աստիճանաբար ավելի չափավոր ու դանդաղ է դառնում, այնուամենայնիվ, այն բավականին կուռ և ուժեղ է»:
Ըստ նրա՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ պահպանելու ու շարունակելու աճի տեմպը:
Նա հետաքրքրվեց, թե կառավարությունն ի՞նչ լրացուցիչ բարեփոխումներ է նախատեսում՝ բիզնես միջավայրի հզորացման, առողջ շուկաների խթանման ու մրցակցության համար:
«Այո, վերջին տարիներին Հայաստանում տնտեսական աճի հետ կապված մեծ հաջողություններ են գրանցվել: Ուրախ ենք, որ տնտեսական աճը զուգորդվում է նաև աղքատության նվազման, անհավասարության փոքրացման, աշխատատեղերի աճով: Իմ ընկալմամբ՝ մենք ուղղակի լրացնում ենք այն պոտենցիալի ու իրականության միջև ճեղքը, որն ունեցել ենք երկար ժամանակ: Եվ հետագա տարիների համար մեզ իրոք պետք է ստեղծել նախապայմաններ՝ այդ պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը կարևորեց ներդրումների ներգրավումը:
«Կարծում եմ, որ Հայաստանի ապագա զարգացումը պետք է կապ ունենա հենց օտարերկրյա ներդրումների ներհոսքի հետ, որ մեր արտադրողականությունը, աշխարհայացքը, աշխատելու մշակույթը բարձրացնենք նոր մակարդակի»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրա համար բազմաթիվ գործողություններ են իրականացնում:
Նախարարը հույս հայտնեց, որ «Ներդրումների մասին» օրենք մոտ ապագայում կլինի:
Թե ինչ է անում Ֆինանսների նախարարությունը տնտեսավարողների համար միջավայրի ձևավորման, ներդրումների ներգրավման ուղղությամբ, Հովհաննիսյանը վստահեցրեց, որ գործողությունները վերջին տարիներին ուղղված են եղել արդար, առանց ձևախեղումների միջավայր ստեղծելուն:
«Մի կարևոր խնդիր ենք արձանագրել, որն արտացոլված է եղել նաև Համաշխարհային բանկի զեկույցում. մեր տնտեսավարողները բողոքում են հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունից: Լուրջ ենք ընդունել այս քննադատությունն ու համաձայն ենք դրա հետ: Մյուս տարվանից այնպես ենք անելու, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունը կապենք բյուջետային պրոցեսի հետ: Եվ դա իրականացնելու ենք այդ ցիկլով: Բոլոր հարկային փոփոխություններն ԱԺ-ի և հանրության քննարկմանն ենք ներկայացնելու մի փաթեթով, տարվա մեջ մի անգամ: Եվ մեր ծախսային քաղաքականությունները քննարկելու ենք եկամուտների քաղաքականության հետ զուգորդված»,-ասաց նախարարը:
Այժմ հայեցակարգային քննարկումներ են ընթանում հարկային քաղաքականության հետագա տեսքի վերաբերյալ: Այս տարեվերջին նախատեսում են ներկայացնել հայեցակարգը:
Նա նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը փոքրացնելու մեծ տեղ չունեն՝ հաշվի առնելով, թե որքան կարևոր ենթակառուցվածքային ու սոցիալական ծախսերի է բախվում Կառավարությունը:
«Այսպիսով` մեծ նվազեցումների տեղ չունենք: Միևնույն ժամանակ, մեծ ավելացումների ամբիցիա էլ չունենք, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում գոնե այս փուլում հարկերի բարձրացումը չի կարող բերել արդյունավետության բարձրացման: Եվ մենք պետք է ավելի շատ փող թողնենք մեր տնտեսավարողների մոտ՝ դինամիզմը պահպանելու և արտադրողականության մեջ ներդրումները խթանելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Շուտով կներկայացնեն «Արագացված ամորտիզացիայի մասին» նախագիծ, որով հնարավորություն կտան ներդրողներին ավելի արագ ամորտիզացնել կապիտալ ներդրումները: