Տնտեսություն

Կառավարությունը լրացուցիչ գումար կտրամադրի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման համար

5 րոպեի ընթերցում

Կառավարությունը լրացուցիչ գումար կտրամադրի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման համար

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կառավարության նիստի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է՝ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ 

Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող), մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 151 դպրոց (որից 49-ը՝ կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինի, ընդհանուր առմամբ, 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված և 169-ը՝ կապիտալ վերանորոգված:

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հատկացվող 10.7 մլրդ ՀՀ դրամի մի մասը նախատեսվում է ուղղել Թալին համայնքի Կաքավաձոր և Ոսկեթաս բնակավայրերում 75-ական տեղ հզորությամբ մանկապարտեզների, Լոռու մարզի Լեռնավան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցմանը:

Միջոցներ կհատկացվեն նաև Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 և Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական, ինչպես նաև Քուչակի, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան, Երնջատափի Ե. Չարենցի անվան, Մելիքգյուղի, Հովտամեջի, Գորայքի, գ. Ախլաթյանի, Շատինի միջնակարգ դպրոցների վերանորոգմանն ու հիմնանորոգմանը:

Տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով միջոցներ կտրամադրվեն Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան, Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան, Փշատավանի միջնակարգ, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական և Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցների համար:

Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան և Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցների կառուցման  աշխատանքների համար ևս համապատասխան ֆինանսավորում կապահովվի: 

Տրամադրված հատկացման շրջանակում նախատեսվում է նաև կրթահամալիրների կառուցում Հացաշեն,  Ագարակավան, Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս, Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրերում։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ծրագրում անհրաժեշտ ճկունություններ ապահովելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ դպրոցների և կրթահամալիրների կառուցման, ինչպես նաև դպրոցների նորոգման ծրագրերի մասով գումարներ են հատկացվելու չբաշխված տողերով։ Սա նշանակում է, որ պատվիրատու մարմինը՝ տվյալ դեպքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, կունենա որոշակի ֆոնդ՝ ըստ շինարարության ընթացքի և կատարողականի ծավալների ֆինանսավորումն ուղղելով համապատասխան օբյեկտներին։ Ընդհանուր առմամբ՝ չբաշխված տողերով կհատկացվի  9.53 մլրդ դրամ, որը կբաշխվի կառուցվող 25 դպրոցի, 11 կրթահամալիրի և նորոգվող 64 դպրոցի միջև:

Ընդգծելով որոշման ընդունման կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ծրագրի իրականացման ընթացքում աճել են ֆինանսավորման ծավալները և լավարկվել շինարարության տեմպերը։

«Փոխգործակցության, այցերի, քննարկումների և քննադատությունների արդյունքում լավացել են թե՛ մեր կառավարչական, թե՛ շինարարական կազմակերպությունների հմտությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով շարունակական այցերը նոր կառուցվող դպրոցներ և մանկապարտեզներ։

Որոշմամբ վերաբաշխվող գումարից 68 մլն ՀՀ դրամ հատկացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև 5 մլն դրամ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ դպրոցների նորոգման աշխատանքների վերահսկողության գծով խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում