Հայոց ցեղասպանություն

Շատախի փրկված հիշողությունը. հանրության ուշադրությանը ներկայացվեց Սերոբ Քոսյանի հուշագրությունը

6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հանրությանը ներկայացրեց Սերոբ Քոսյանի բացառիկ ձեռագիրը՝ ««Նորահայտ» Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրություն» գիրքը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ին տեղի ուենցած շնորհանդեսը մեկնարկեց  գրքի օրհնության  արարողությամբ:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի շրջանակում լույս տեսած այս աշխատությունն  ամբողջությամբ ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցի Սերոբ Քոսյանի երկգիրք՝ «Շատախի հովիտը» և «Շատախի ծռեր» անտիպ ձեռագիր հուշագրությունը:

Սերոբ Քոսյանը 15 տարեկան էր, երբ կորցրեց իր ամբողջ ընտանիքը, բայց 70 տարեկանում որոշեց փրկել այն, ինչը դեռ հնարավոր էր։ Նրա ձեռագիր հուշագրությունը վերականգնում է Օսմանյան կայսրությունում հայաբնակ Վանի նահանգի Շատախ գավառակում կյանքի մանրամասները՝ լեզվից մինչև ավանդույթներ ու երգիծազրույցներ։  

Քոսյանն այս գրառումներն արել է ապագա սերունդներին իր հայրենի Շատախին, այնտեղի բարբառին, նիստուկացին, կենցաղին, արհեստներին և բնությանը կապելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերապրածի իր դաժան ճանապարհի մասին պատմելու նպատակով:

Սերոբ Քոսյանի որդին՝ Սուրեն Կասյանը նշեց, որ թեպետ իր հայրը գրող չէ, բայց իր ծերության տարիներին սկսել է գրի առնել հայրենիքի մասին հուշերը՝ նպատակ ունենալով այն որպես ժառանգություն թողնել սերունդներին:   

«Հայրս ծնվել է 1899 թվականին և Ցեղասպանության ժամանակ եղել է 15 տարեկան: Բավականին հասուն պատանի է եղել, և նրա ամբողջ վերապրածն իր հիշողության մեջ շատ վառ պահպանվել է: Գաղթի սկզբնական շրջանում կարողացել են փախչել  ինքն ու քույրը, բայց, ցավոք, ճանապարհին կորցրել է նաև քրոջը․ իր գերդաստանից մնացել է միայն ինքը։ Հայրս բավականին մեծ էր՝ մոտ 70 տարեկան, երբ սկսեց գրել իր հուշերը: Եվ որպեսզի այս հուշերը հասանելի դառնան բոլորին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ես հորս բոլոր ձեռագրերը և նրա ձեռքով գծված Շատախի շրջկենտրոն Թաղի քարտեզը հանձնեցի Հայոց ցեղասպանության թանգարանին»,- պատմեց նա:

Սուրեն Կասյանը միշտ է ցանկացել, որ հոր թողած հուշերը մի օր գրքի վերածվեն և այժմ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ այդ ցանկությունը կյանքի է կոչվել։

Գրքի խմբագիր, ԵՊՀ դասախոս և ՀՑԹԻ-ի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցի Սերոբ Քոսյանի հուշագրության հրատարակումը մեծ կարևորություն ունի։ Իր բովանդակությամբ այն նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական շրջանակների, այլև բոլոր այն ընթերցողների համար, որոնք ցանկանում են խորապես ճանաչել հայ ժողովրդին, այս դեպքում՝ առավելապես Շատախը և շատախցիներին։

Գրքի խմբագրի խոսքով՝ Շատախը նաև գիտական տեսանկյունից քիչ ուսումնասիրված տարածք է, իսկ երբ դրա պատմությունը ներկայացվում է հենց վերապրածի՝ բնիկ շատախցի Սերոբ Քոսյանի կողմից, աշխատությունն ավելի արժեքավոր է դառնում։  

«Գիրքը ոչ միայն մեկ գերդաստանի, այլ նաև ամբողջ բնակավայրի պատմությունն է, և Սերոբ Քոսյանը փաստացի փրկել է այդ պատմությունը։ Սա էլ է գրքի բացառիկության պատճառը։ Այն ներկայացնում է Շատախը և շատախցիներին իրենց էթնոմշակութային առանձնահատկություններով՝ լեզվով, կենցաղով, նիստուկացով, ավանդույթներով, երգիծազրույցներով ու զավեշտապատումներով:

Սերոբ Քոսյանը 15 տարեկան է եղել Ցեղասպանության տարիներին, այսինքն՝ լիովին գիտակցել է իր անցած ճանապարհը, կրած կորուստները և իր առջև կանգնած անորոշությունը։ Այդ ապրումները նրան հետապնդել են ամբողջ կյանքում։ Նա դարձել է 68-70 տարեկան, երբ սկսել է գրի առնել իր հիշողությունները: Սերոբ Քոսյանը նշել է, որ ինքը կարող էր շատ ավելին պատմել, սակայն իր նպատակն այլ է եղել. նա չի ցանկացել կրկնել գաղթի  հայտնի զարհուրելի դեպքերը, այլ ձգտել է ձևակերպել իր վերապրումի բանաձևը՝ փրկել մի ամբողջ բնակավայրի պատմությունը»,- նշեց Էլինա Միրզոյանը:

Աշխատությունը մեծ նշանակություն ունի լեզվաբանական տեսանկյունից․ դրանում ներառված են Շատախի գավառակի շրջկենտրոն Թաղի խոսակցական շուրջ 280 բառեր։ Գիրքը բացառիկ է նաև բարբառագիտության առումով, քանի որ մասամբ գրված է հենց Շատախի բարբառով։ Խմբագրի խոսքով՝ գրքի ցեղասպանագիտական արժեքը ևս պակաս կարևոր չէ, քանի որ Սերոբ Քոսյանը կարողացել է պահպանել ոչ միայն նյութական, այլև մտավոր ժառանգությունը, ինչը ոչ բոլորին է տրված։

«Գիրքը բոլոր գիտակարգերի տեսանկյունից արժեքավոր է, և որևէ մի արժեք առանձնացնելը կնվազեցնի մյուսների նշանակությունը։ Բացի դրանից, առանձնահատուկ են նաև գրքում ընդգրկված զավեշտապատումները: Սրանք հետաքրքիր են նրանով, որ ցավի միջով անցած մարդը կարողացել է նաև ժպիտ փոխանցել ընթերցողին»,- եզրափակեց գրքի խմբագիրը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում