Սևանա լճում նկատվում է սիգի պաշարների դրական դինամիկա

4 րոպեի ընթերցում

Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել։ 2026 թվականի հունվարի 1-ից դրույքաչափն ավելացվել է մոտ 3 անգամ՝ դառնալով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն վերանայվել են ընդհանուր կենսապաշարների բնօգտագործման վճարները։ 

«Հարկային օրենսգրքի փոփոխությամբ ամբողջությամբ վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք ավելացվել են հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկնատեսակի, որը բարձրացել է 3 անգամ։ Ասեմ, որ վերջին անգամ դրույքաչափերը վերանայվել են 2006 թվականին, այնուհետև կիրառվել են որոշակի գործակիցներ, սակայն միևնույն է բավական ցածր են շարունակում մնալ։ Դրույքաչափերի վերանայումը նպատակ ունի արժևորել եղած ռեսուրսները։ Սիգը կարևոր դեր ունի Սևանա լճի էկոհամակարգի համար, պարենային անվտանգության տեսանկյունից այն նշանակալի ռեսուրս է։ Այսօր սիգի շուկայական արժեքը 1000-1500 դրամ է, իսկ բնօգտագործման վճարն ընդամենը 65 դրամ է։ Հունվարի 1-ից արդեն փոփոխված տարբերակը ուժի մեջ կլինի»,-ասաց Լուսինե Ավետիսյանը՝ հավելելով, որ չի բացառվում շուկայում սիգի գնի վերանայում այս փոփոխությամբ պայմանավորված։ 

Բնօգտագործման վճարները տնտեսական ռեսուրների կառավարման մեխանիզմներ են և դրանք գեներացվում են պետական բյուջեում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը տեղեկացրեց, որ նոր կարգավորումը միայն դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված չէ։ Փոխվել է նաև վճարման ընթացակարգը։ Այսօր բնօգտագործման վճարը կատարվում է փաստացի օգտագործման համար, սակայն հունվարի 1-ից վճարները պետք է իրականացվեն արդեն որսի համար թույլատրված չափաքանակի համար։ 

«Այսօր ինչպե՞ս է կարգավորվում։ Երբ սիգի որսի թույլտվությունը պաշտոնապես լինում է, իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցները դիմում են որոշակի չափաքանակով որս կատարելու քվոտա ստանալու համար։ Փորձը ցույց է տալիս, որ որոշ շահառուներն ավելի շատ չափաքանակի թույլտվություն են ձեռք բերում, քան գործնականում որս կատարում են։ Արդյունքում՝ այն մյուս տնտեսվարողները, որ կարող էին ավելի շատ չափաքանակի համար դիմել, հնարավորություն չէին ունենում։ Հիմա այս նոր մոտեցմամբ կգործի արդարացի բաշխման մեխանիզմը։ Անձը կվճարի ոչ թե փաստացի կատարած որսի, այլ թույլատրված չափաքանակի համար»,-ասաց Սևակ Բալոյանը։  

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ սիգի որսի համար չափաքանակ սահմանելու որոշումն իր դրական ազդեցությունն է տալիս։ Սևանա լճում Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կատարված վերջին ուսումնասիրությունը կատարվել է հուլիսի-օգոստոս ամիսներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ Սևանա լճում նկատվում էր սիգի պաշարների դրական դինամիկա։ Լճում առկա է 1550 տոննա արդյունագործական չափի ձկնային պաշար, որից որսի համար թույլատրվել էր 620 տոննա։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։

Հայերեն فارسی Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ