Հայաստան

ՀՀ ՄԻՊ–ը Լոռիում հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ–ը Լոռիում հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության շահառուների հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ ընդգծելով, որ այն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ 

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանին հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար․

«Այս ոլորտում առկա են բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ, և նման կառուցողական քննարկումներն էական նշանակություն ունեն՝ առկա խոչընդոտները հաղթահարելու և համակարգի շարունակական զարգացման համար»։

Հանդիպման ընթացքում շահառուները, ի թիվս այլնի, բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովմանը, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներին, խտրականության բացառմանը և մի շարք այլ հարցերի:

Պաշտպանը նշել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային, համակարգային և շարունակական պետական քաղաքականություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով։

Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվորեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և ներառական հասարակության ձևավորման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում