Կամբոջան հայտնել է թաիլանդցի զինվորների կրակից խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին
2 րոպեի ընթերցում

Թաիլանդցի զինվորները կրակ են բացել Կամբոջայի Բանտեայ Մյենչեյ նահանգի Պրեյ Չան սահմանային գյուղի խաղաղ բնակիչների վրա, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կամբոջական Khmer Times պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների նախնական հաղորդագրությունը։
Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։
Կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին Կամբոջա-Թաիլանդ սահմանին, որտեղ վերջին ամիսներին լարվածությունը սրվել է: Այս միջադեպի նախօրեին Թաիլանդը միակողմանիորեն կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համատեղ հռչակագրի գործողությունը՝ ականի պայթյունից երկու թաիլանդցի զինվորականի վիրավորման պատճառով։
Կամբոջան իր հերթին հերքել է Թաիլանդի մեղադրանքները երկու երկրների սահմանին նոր ականների տեղադրման մասին։
Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»: