11 րոպեի ընթերցում
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած աշխատանքի 21-րդ տոնավաճառը, որտեղ ներկայացված էին շուրջ 65 ընկերություններ և պետական կառույցներ, որոնք ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնում էին աշխատանքի և պրակտիկայի առաջարկներ կամ մասնագիտական գործունեության այլ հնարավորություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը նաև նշում էր հիմնադրման 25-րդ տարեդարձը, և գործընկերների հետ հանդիպումը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու համալսարանի պատմության մասը կազմելու և իրենց հետ այդ ճանապարհն անցնելու համար:
«Մենք շատ երջանիկ ենք այս ձեռնարկություններին հյուրընկալել մեր տանիքի տակ։ Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչնե՛ր, ձեր ներկայությունը, ներգրավվածությունը և հավատարմությունը վկայում են մեր համագործակցության կենսունակության և մեզ կապող փոխադարձ վստահության մասին»,- ասաց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին:
Խոսելով համալսարանի արդյունքներից՝ Նակուզին ուրախությամբ նշեց, որ նախորդ տարի Ֆրանսիական համալսարանն ավարտած ուսանողների 97 տոկոսն արդեն գտել է աշխատանք։ Նրանց 50 տոկոսն աշխատանք գտել է դեռևս դիպլոմ չստացած: Ռեկտորն ընդգծեց, որ համալսարանն այդ հարցում ուսանողներին աջակցելու համար մեծ ջանքեր է ներդնում:
«Անցյալ տարվանից սկսած՝ մենք ունենք թվային հարթակ, որը թույլ կտա ամրապնդել գործատուների կապը մեր շրջանավարտների, ինչպես նաև սովորող ուսանողների հետ»,- եզրափակեց ռեկտորը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ արդեն երրորդ անգամ է գալիս այս միջոցառմանը, և ամեն անգամ այն ավելի բազմամարդ է։
Նա ընդգծեց՝ թեև այսօր բոլորը հավաքվել են մեկ վայրում, սակայն ամբողջ տարվա ընթացքում համագործակցում են միմյանց հետ և միասին աշխատում են։ Ըստ դեսպանի՝ դա հնարավոր է առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ Ֆրանսիական համալսարանում կրթությունը անջատ չէ գործարար աշխարհից։ Երկրորդ՝ որովհետև ձեռնարկությունները մշտապես ներկայություն ունեն համալսարանում և աջակցում են:
Նա հավելեց, որ նախաձեռնության շնորհիվ ուսանողներն աշխատաշուկան բացահայտում են ոչ թե դիպլոմը ստանալուց հետո, այլ կրթության ընթացքում։
«Ուսանողներն աշխատաշուկային ծանոթանում են նաև Ֆրանսիական համալսարանի նախկին շրջանավարտների միջոցով, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Նրանք աշխատաշուկան բացահայտում են նաև պրակտիկաների միջոցով, որոնք անցկացվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Ֆրանսիական համալսարանի ուսանողների մեծ մասը դեռևս չավարտած՝ արդեն սկսում է աշխատել»,-ասաց դեսպանը:
Ելույթի ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց գործարար աշխարհի ներկայացուցիչներին՝ մշտապես Ֆրանսիական համալսարանի կողքին լինելու համար։
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն Այսա Մովսիսյանը նշեց՝ յուրաքանչյուր տարի աշխատանքի տոնավաճառի ժամանակ համալսարանը սահմանափակվում է 65 կազմակերպությամբ, քանի որ ֆիզիկապես հնարավոր չէ ավելի շատ հյուրեր ընդունել:
«65-ից ավելի կազմակերպություն հյուրընկալել չենք կարող։ Վերջին րոպեներին անգամ ունեինք նոր ցանկացողներ: Նշեմ, որ ընկերությունները շատ հետաքրքրված են և հաճախ իրենք են մեզ դիմում»,- ասաց նա։
Մովսիսյանի խոսքով՝ հետաքրքրությունը մեծ է նաև ուսանողների կողմից, քանի որ նրանք գիտակցում են, որ տոնավաճառի ընթացքում կարող են գտնել աշխատանք, կամավորական գործունեություն, ուսանողական կամ մասնագիտական պրակտիկա։ Տոնավաճառը կազմակերպվում է բակալավրի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի առաջին կուրսի պրակտիկաներից առաջ ուսանողներին օգնելու նպատակով։
«Մենք ցանկանում ենք, որ ուսանողները կապ հաստատեն իրենց ապագա գործատուների հետ և հնարավորություն ունենան ընտրելու այն կազմակերպությունը, որը համապատասխանում է իրենց սպասելիքներին։ Համալսարանը երբեք չի պարտադրում պրակտիկայի վայր, ուսանողներն իրենք են ընտրում։ Մյուս կողմից էլ՝ ընկերությունները նույնպես ազատ են՝ ընտրելու իրենց պահանջներին համապատասխան պրակտիկանտների։ Սա փոխադարձ հետաքրքրվածության հիմքի վրա է գործում»,- ընդգծեց Մովսիսյանը։
Ֆինանսների նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ներկայացուցիչ Կարինե Մինասյանն էլ նշեց, որ Ֆինանսների նախարարությունն արդեն հինգ-վեց տարի է, ինչ համագործակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ և չորս տարի անընդմեջ մասնակցում է համալսարանի կազմակերպած աշխատաշուկաներին։
«Այսօր ներկայացել ենք մի քանի վարչությունների և ստորաբաժանումների թափուր հաստիքներով, ինչպես նաև պրակտիկայի հնարավորություններով։ Ավելի շատ՝ հենց պրակտիկայի հնարավորություններով, քանի որ մեզ մոտ պրակտիկան շատ ճկուն է կազմակերպվում։ Մենք չունենք հստակ սահմանված ժամեր կամ օրեր. ամեն ինչ համաձայնեցվում է դասերի գրաֆիկի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարների հետ»,-ասաց նա։
Մինասյանը հավելեց, որ վերջին շրջանում նախարարությունում պրակտիկայի ձևաչափը մի փոքր խստացել է, քանի որ պահանջվում է, որ ուսանողների միջին գնահատականը (ՄՈԳ) լինի առնվազն 15 և ավելի։
«Դա նպաստում է ինչպես ուսանողների մոտիվացիային, այնպես էլ մեր աշխատակիցների և ղեկավարների աշխատանքին, որպեսզի պրակտիկան ավելի արդյունավետ լինի»,- ընդգծեց նա։
Խոսելով պետական կառույցների և բուհերի կապի կարևորության մասին՝ Մինասյանը նշեց, որ նման համագործակցությունը շահավետ է ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլև ամբողջ պետության համար։
«Ես ինքս համալսարանական ծրագրից եմ եկել։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Ֆինանսների նախարարություն։ Մեր սերնդի կադրերը, կարելի է ասել, առաջինն են, որոնք ձևավորվել են բուհ-պետական կառույց կապի արդյունքում։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև նոր սերունդը, նոր ուղեղները, դուրս գալով համալսարանից, բերում են նոր մտքեր, որոնք պետք է ինտեգրվեն պետական համակարգում»,- ասաց նա։
Երևանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ներկայացուցիչ Եվա Ղազարյանն էլ նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է Ֆրանսիական համալսարանի կազմակերպած աշխատանքի շուկային։
«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր ընկերությունը, իսկ կոնկրետ ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ ես էլ եմ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ։ Սա առանձնահատուկ զգացում է, որովհետև ես միաժամանակ կանգնած եմ երկու կողմում՝ և՛ որպես նախկին ուսանող, և՛ որպես գործատու»,- ասաց նա։
Ղազարյանը հավելեց, որ համալսարանի հետ համագործակցությունը շատ սերտ է, և ինքն այդ կապի իրական արժեքը հասկացել է հենց աշխատանքի անցնելուց հետո։
«Առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ եկել էի որպես ուսանող։ Այդ ժամանակ առաջին անգամ ես ծանոթացա տարբեր ընկերությունների հետ և հասկացա, որ դեռ չավարտած՝ երկրորդ կամ երրորդ կուրսում էլ կարելի է իրական փորձ ձեռք բերել։ Թեկուզ առանց վարձատրության, բայց տարբեր ընկերությունների հետ կապ հաստատելը շատ մեծ արժեք ունի»,-նշեց նա։
Նա հավելեց, որ ուսանողները նաև ձեռք են բերում արժեքավոր կապեր, որոնք օգնում են ապագայում՝ թե՛ պարտադիր պրակտիկայի վայր ընտրելու, թե՛ աշխատանքի անցնելու ժամանակ։
«Գիտեմ ուսանողների, որոնք դեռ երկրորդ կուրսից տարբեր տեղերում պրակտիկաներ են անցնում և մինչև ավարտելը հասցնում են բավական փորձ կուտակել։ Դա օգուտ է թե՛ իրենց, թե՛ գործատուի համար, որովհետև գործատուն տեսնում է, որ ուսանողն ունի ցանկություն աշխատելու և արդեն ծանոթ է իրական միջավայրին։ Սա փոխշահավետ գործընթաց է՝ թե՛ համալսարանի, թե՛ գործատուների, և, իհարկե, հենց ուսանողների համար»,-եզրափակեց նա։
Ամունդի-Ակբայի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը նշեց, որ նման միջոցառումները շատ մեծ կարևորություն ունեն։ Նրա խոսքով՝ իրենց ուսանողական տարիներին որոշ ժամանակաշրջաններ կային, երբ նմանատիպ միջոցառումներ չէին անցկացվում, ինչի հետևանքով նոր ավարտողների համար աշխատաշուկա մտնելը բավականին դժվար էր։ Այդ պատճառով նման միջոցառումները իրենց կողմից շատ ողջունելի են։
Զարինե Եղիազարյանն ընդգծեց, որ այս անգամ Ամունդի-Ակբան միջոցառմանը որպես գործատու չի մասնակցել։ Միջոցառման ընթացքում կազմակերպությունը ներկայացրել է «Ամունդի-Ակբա ակադեմիան», որը տեղայնացվել է ֆրանսիական «Ամունդի ակադեմիայից»՝ հայաֆիկացված ձևով։ Եղիազարյանի խոսքով՝ դա առցանց դասընթացների հարթակ է, որը ոչ թե կրթության այլընտրանք է, այլ ավելի շատ գալիս է այն համալրելու և ամրապնդելու՝ որոշ դեպքերում ավելի ժամանակակից ձևով և միջազգային ստանդարտներին համապատասխան։ Դասընթացները նպատակ ունեն բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը։
«Թեև թիմը փոքր է, և աշխատատեղերը քիչ են, այս նախաձեռնության միջոցով կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում մասնակիցների համար՝ դառնալու ավելի մրցունակ աշխատաշուկայում։ Վերջին տարիներին նկատվում է ֆինանսական համակարգում աշխատատեղերի թվի զգալի աճ։ Դրան մեծապես նպաստում է ներդրումային ընկերությունների Հայաստան գալը», - ասաց Զարինե Եղիազարյանը:
Նրա համոզմամբ՝ իրենց ակադեմիան կարող է ձևավորել ավելի պատրաստված և որակյալ կադրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։