Կապանում անցկացվեց ավանդական դարձած Կուրկուտի փառատոնը՝ այս անգամ բարեգործական նպատակով

5 րոպեի ընթերցում

Կապանի համայնքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված կապանյան ավանդական ճաշատեսակի՝ Կուրկուտի փառատոնը։ Միջոցառումն ամեն տարի անցկացվում է Կապանի տարբեր բնակավայրերում, այս անգամ փառատոնի վայր էր ընտրվել Նորաշենիկը։ Կապանը ներկայացնող 20 վարպետ-խոհարարները նախորդ օրվանից սկսել էին կուրկուտի պատրաստումը, որի համար հարկավոր է ծեծած կամ թեփը հանած ցորեն՝ կուրկուտ, տավարի միս, կարագ, ջուր և աղ։ Ուտեստի պատրաստման համար մի ամբողջ գիշեր է հարկավոր։ 

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ փառատոնի նպատակն է ոչ միայն ավանդական կերակրատեսակի ճանաչելիության բարձրացումն ու ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությունը, այլև գյուղական կյանքի ակտիվացումն ու զբոսաշրջության զարգացումը։

«Փառատոնի առանձնահատկությունը նրանում է, որ ամեն անգամ այն անցկացնում ենք գյուղերում, հատկապես պատերազմից հետո ընտրում ենք սահմամերձ համայնքները։ Դա ուղղված է մեր գյուղացիներին առօրյա հոգսերից թեթևացնելուն, ուրախ տրամադրություն պարգևելուն, ինչպես նաև ոչ նյութական մշակութային արժեքների կարևորմանն ու պահպանությանը»,-ասաց Գևորգ Փարսյանը։ 

Համայնքի բոլոր նախադպրոցական հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, ջանք չէին խնայել հանդես գալու հետաքրքիր տաղավարներով, որտեղ հյուրերը կարող էին համտեսել տեղում թխվող լավաշ, տարածաշրջանին բնորոշ այլ ուտեստներ ու քաղցրավենիք՝ տնական գաթա, փախլավա, չրեր, մուրաբաներ, ջեմեր, ինչպես նաև գյուղական արտադրատեսակներ ու անուշահամ թեյեր։ 

Փառատոնն այս տարի բարեգործական բնույթ էր կրում։ Կուրկուտի և տոնավաճառին ներկայացված արտադրատեսակների ամբողջ հասույթն ուղղվելու է երիտասարդներ Դավիթի և իր քույր Դիաննայի երազանքի իրագործմանը, ովքեր տարիներ առաջ զրկվել են ծնողներից: Այս պահին նրանք բնակվում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում և ունեն բնակարանի խնդիր: 

«Նրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Եվ երբ օրեր առաջ նրանց հրավիրեցի ու հարցրեցրի, թե ինչի մասին են երազում, նրանք միանշանակ ասացին, որ երազում են տուն ունենալ։ Մենք հենց այդ օրը որոշեցինք, որ պետք է նրանց երազանքը իրագործենք»,-նշեց Կապանի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այլ բարեգործներ ևս կմիանան այս նպատակի իրագործմանը։ Փառատոնի հասույթը կազմեց ավելի քան 3 միլիոն 200 հազար դրամ: 

Միջոցառմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ով հատկապես կարևորեց փառատոնն ընտանեկան ավադույթների պահպանման առումով:

«Երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ այս փառատոնին: Շատ լավ է, որ համայանքապետարանը նման միջոցառումներ է իրականացնում, ինչն օգնում է մարդկանց մոտ լինել սեփական արմատներին ու ընտանիքի ներսում ջերմ հարաբերությունների ամրապնդմանը»,-ասաց գլխավոր հյուպատոսը։ 

Փառատոնի ընթացքում ժյուրին, նախապես չիմանալով ուտեստների հեղինակներին, ընտրեց տարվա ամենահամեղ ու ախորժելի կուրկուտը։ Լավագույն կուրկուտի հեղինակ ճանաչվեց Կառլեն Մարտիրոսյանը: Այս տարի փառատոնի ընթացքում սպառվեց 2 տոննա կուրկուտ։

Փառատոնը հյուրընկալել էր հյուրեր ինչպես Սյունիքից, այնպես էլ Հայաստանի տարբեր հատվածներից և արտասահմանից: Կապանից Նելլի Ավետիսյանը միջոցառմանը եկել էր իր մեծ ընտանիքի հետ։

«Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ պահպանում են մեր մշակույթն ու ավանդույթները։ Մենք հնարավորություն ենք ստանում մեզանից փոքր սերունդներին փոխանցել մեր ազգային կերակրատեսակները, դրանց պատրաստման ու մատուցման յուրահատուկ ծեսը»։

Կուրկուտի փառատոնն ուղեկցվեց երաժշտական ծրագրով․ կատարումներով հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Barbar Band-ը, Արսեն և Արթուր Սաֆարյանները, Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ ապահովելով բարձր տրամադրություն և տոնական մթնոլորտ։

Անցկացվեցին նաև մարզական մրցաշարեր՝ բազկամարտ և պարանի ձգում։ Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով և նվերներով։ 

Կուրկուտի փառատոնը շարունակելու է միավորել մարդկանց ազգային ավանդույթների շուրջ, զարգացնել համայնքային կյանքն ու զբոսաշրջությունը` ամրապնդելով իր դերը՝ որպես Կապանի այցեքարտերից մեկը։

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ