Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան դարձել է ոլորտի միջազգային կառույցի լիիրավ անդամ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան պաշտոնապես դարձել է Համաշխարհային Ալպինիզմի և լեռնային ասոցիացիաների միության լիիրավ անդամ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայից:
Անդամակցությանը նախորդել են մեկ տարի տևած ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում Ֆեդերացիան մանրամասն ներկայացրել է իր գործունեությունը, իրականացված ծրագրերը և առաջիկա զարգացման ռազմավարությունը։ Անդամակցությունը հաստատվել է UIAA Գլխավոր վեհաժողովի կողմից՝ միաձայն որոշմամբ: Որոշումը կայացվել է 2025 թ. հոկտեմբերի 23-26-ը Կոսովոյի Պեյա քաղաքում անցկացված UIAA-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում։
«Մեր երկրի անդամակցությունը UIAA-ին ոչ միայն հնարավորություն կտա մասնակցել լեռնային անվտանգության, հրահանգիչների պատրաստման, բնապահպանության և կայուն զարգացման ոլորտներին առնչվող համաշխարհային ծրագրերին, այլև տարածաշրջանում կամրապնդի Հայաստանի դերը՝ որպես լեռնագնացության, թրեքինգի և լեռնային տուրիզմի կենտրոնի։ Մենք համոզված ենք, որ այս քայլը կնպաստի Հայաստանում ալպինիզմի և լեռնային տուրիզմի նոր, ժամանակակից մշակույթի ձևավորմանը՝ հիմնված անվտանգության, պատասխանատվության և բնության նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա»,-ասել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը: