Երևանում անցկացվեց չինական երգի 2-րդ միջբուհական մրցույթ-փառատոն

4 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական համալսարանի մշակույթի տանը նոյեմբերի 6-ին անցկացվեց չինական երգի 2-րդ միջբուհական մրցույթ-փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Ռուս-հայկական համալսարանի Կոնֆուցիոսի դասարանի և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանը նշված բուհերից բացի մասնակցեցին նաև Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները:

Նրանք Երվանդ Երզնկյանի գլխավորած ժյուրիի դատին ներկայացրեցին չինարենով կատարած երգեր: Գնահատվում էր մասնակիցների արտասանությունը, վոկալային հմտությունը և բեմական կեցվածքը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Հայաստան Հմայակյանը: Հաղթողը, երկրորդ ու երրորդ մրցանակակիրները և տարբեր անվանակարգերում աչքի ընկած մասնակիցներն արժանացան ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան տրամադրած բջջային հեռախոսների:

Բացման արարողության ժամանակ ներկաներին ողջույնի ուղերձ հղեց Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, որի գնահատմամբ՝ այս մրցույթը չինական մշակույթով և երաժշտությամբ հրապուրված ուսանողների կատարումներն ունկնդրելու հիանալի հնարավորություն է, իսկ լեփ-լեցուն դահլիճը վկայում է Չինաստանի նկատմամբ Հայաստանի և, հատկապես, հայ երիտասարդների մեծ հետաքրքրության մասին:

Նա հիշեցրեց Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ընթացքում ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հնչեցրած այն միտքը, որ Հայաստանին և Չինաստանին միավորում է հենց քաղաքակրթական բաղադրիչը:

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը նույնպես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայ երիտասարդները հետզհետե ավելի մեծ հետաքրքրություն են դրսևորում չինարենի և չինական մշակույթի նկատմամբ:

«Հայաստանը, ինչպեսև Չինաստանը, հին քաղաքակրթություն է: Նաև դրանով են պայմանավորված տարբեր ոլորտներում մեր հաջող շփումները և երկու երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքը, ինչը շատ կարևոր է համագործակցության և, ընդհանրապես, մարդկանց միջև շփման առումով»,- նշեց դեսպանը՝ խոստովանելով, որ ինքը շատ սիրում երգել, բայց այս անգամ չի դրսևորի իր տաղանդը:

Լի Սինվեյը հուսով է, որ հաջորդ տարիներին այս մրցույթը կունենա ավելի շատ մասնակիցներ, իսկ գալիք տարի կանցկացվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր տաղավարում, որը կառուցվում է Չինաստանի աջակցությամբ:

Նա ընդգծեց, որ շատ է ցանկանում, որպեսզի Չինաստանում նմանատիպ մրցույթ կազմակերպվի հայերեն ուսումնասիրող չինացի և չինարեն սովորող հայ ուսանողների մասնակցությամբ:

«Նկատելի է, որ տարբեր ոլորտներում ավելի են զարգանում հայ-չինական հարաբերությունները, ակտիվանում է համագործակցությունը, ինչը նպաստում է, որպեսզի ավելի շատ հայ երիտասարդներ հետաքրքրվեն չինական մշակույթով ու հաղորդակցվեն դրան: Ցանկանում եմ, որպեսզի չինարենին տիրապետող մարդիկ դառնան Հայաստանը և Չինաստանը կապող կամուրջ և ավելի շատ զարգացնեն չինական մշակույթը Հայաստանում»,- նշեց դեսպան Լի Սինվեյը:

Ռուս-հայկական համալսարանի ավագների խորհրդի անդամ Գագիկ Սարգսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չինական երգի փառատոն կազմակերպելու գաղափարը երկու տարի առաջ հնչեցրել է ՀՀ-ում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունը: Առաջին մրցույթը կազմակերպվել էր 2023 թվականին: Նա հայտնեց նաև, որ զուգահեռաբար կազմակերպվել է «Չինաստանը իմ աչքերով» խորագրով ցուցահանդես, որում ներկայացված են «Ուսմունք» դպրոցի աշակերտների նկարները:

Նշվեց, որ Ռուս-հայկական համալսարանի Կոնֆուցիոսի դասարանը պարբերաբար կազմակերպում է հայ-չինական կապերի խորացմանը միտված տարբեր միջոցառումներ:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը

Նշանավոր շեփորահար Իբրահիմ Մալուֆն իր անսահման էներգիայով և ինքնատիպ երաժշտությամբ «պայթեցրեց» երևանյան բեմը

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները