Ուզբեկ փորձագետի կարծիքով՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կոնսոլիդացիան լոկ քաղաքական գործընթաց չէ, այլ ռազմավարական ընտրություն
5 րոպեի ընթերցում
Ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում տարածաշրջանային գործընթացները Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում բացում են լայն հնարավորություններ միջռեգիոնալ համագործակցության համար, ինչը միանշանակ կնպաստի կայունությանն ու հետագա զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում հայտնեց Ուզբեկստանի նախագահին կից Ռազմավարական և միջռեգիոնալ հետազոտությունների ինստիտուտի հետազոտական կենտրոնի ղեկավար Մուրադ Ուզակովը։
«Ուզբեկստանը զարգացնում է սերտ հարաբերություններ հարավկովկասյան բոլոր երկրների հետ և շահագրգռված է այդ կապերի հետագա խորացմամբ։ Ուզբեկստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն արագորեն աճում է։ Կա զարգացման մեծ ներուժ արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում։ Ուրախալի է, որ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները նույնպես խթանում են միջպետական հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։ Երկկողմ փոխգործակցության զարգացումը նույնպես համարվում է կարևոր նախապայման մեր տարածաշրջանների միջև կապերն ամրապնդելու առումով, ինչը հուսալի երաշխիք է մակրոտարածաշրջանի անվտանգության և համակողմանի զարգացման համար»,- ասաց Ուզակովը։
Նրա դիտարկմամբ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը դրդում է բոլորին ստեղծել համագործակցության վստահելի ձևաչափեր, ուստի այդ համատեքստում Կենտրոնական Ասիան թևակոխում է զարգացման և կոնսոլիդացիայի նոր փուլ։
«Մեր տարածաշրջանն առանձին հետաքրքրությունների խճանկարից վերածվում է միասնական հանգույցի։ Ընդ որում՝ կոնսոլիդացիան պարզապես քաղաքական գործընթաց չէ, այլ ռազմավարական ընտրություն է։ Միասին մենք դիմակայում ենք ոչ միայն ընդհանուր մարտահրավերներին, այլև սահմանում ենք կայուն զարգացման ուղին։ Մոտ ապագայում Տաշքենդում կկայանա Կենտրոնական Ասիայի երկրների հերթական գագաթնաժողովը։ Այդ հարթակում երբևէ ընդունված որոշումները բերել են մեր տարածաշրջանի արմատական տրանսֆորմացիային և այդ տեսանկյունից միանգամայն արդարացված են։ Այդ որոշումները խթանել են ռեգիոնալ զարգացումը, ինչի արդյունքում վերջին ութ տարիների կտրվածքով հինգ հանրապետությունների ՀՆԱ-ն մեծացել է երկու անգամ, իսկ ներդրումներն աճել են 40 տոկոսով։
Նման գործընթացներ տեղի են ունենում նաև Հարավային Կովկասում, որտեղ տեսանելի են երկրների ջանքերն առկա խոչընդոտները վերացնելու ճանապարհին, որոնք տասնամյակներ շարունակ խանգարել են կայունությանն ու խաղաղության հաստատմանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը դարձել է ռեգիոնալ համագործակցության զարգացման նոր հիմք։ Վերջնական խաղաղության պայմանագիրն ու համագործակցելու ձգտումը բացում են նոր պատուհաններ կառուցողական երկխոսության և փոխշահավետ կապերի հաստատման համար։ Դա նախադրյալներ է ստեղծում նաև մեր երկու տարածաշրջանների հետագա սերտ համագործակցության համար։ Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը համարվում են եվրասիական տարածքի առանցքային հատվածները, որոնք ունեն արագ զարգանալու զգալի ներուժ։ Նրանք գտնվում են տնտեսական ակտիվության և մեծ շուկաների գոտում։ Այստեղ են մոլորակի ամբողջ ընդերքի օգտակար հանածոների զգալի պաշարները։ Ութ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն գնահատվում է 670 միլիարդ դոլար»,- մանրամասնեց Ուզակովը։
Նրա խոսքով՝ երկու տարածաշրջաններն ունեն նաև տրանսպորտային և տարանցիկ մեծ ներուժ՝ լինելով միջազգային հաղորդակցական ուղիների ռազմավարական օղակներ։ Դա յուրատեսակ կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև։
«Սերտ համագործակցությունը մեզ թույլ կտա բարձրացնել ինքնաբավության աստիճանը, կդարձնի ավելի մրցունակ, մեր տարածաշրջանները կդառնան ավելի գայթակղիչ՝ մեծ ներդրումներ կատարելու և տնտեսական կապերն ընդլայնելու համար։ Մենք կարող ենք ամրացնել լոգիստիկ հանգույցների աշխատանքը և կարևոր տեղ զբաղեցնել նոր գլոբալ աշխարհակարգի ճարտարապետության մեջ»,- եզրափակեց Ուզակովը։