ԵՄ-ն կարող է երկրներին ընդունել «փորձաշրջանով»՝ առանց անդամակցության լիիրավ իրավունքի
2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ-ում նոր երկրներ ընդունելու համար անցնել «փորձաշրջանի» համակարգի, որը կենթադրի սահմանափակ իրավունքներով անդամակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը, որը թեմայի շուրջ զրուցել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Կոսը նշել է, որ Եվրահանձնաժողովը քննարկում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «անցումային շրջանը, փորձաշրջանը, երաշխիքները»՝ հավելելով, որ դա դեռ նախնական փուլում է։
Եվրահանձնակատարն այս առաջարկը հիմնավորել է այն մտահոգությամբ, որ նոր երկրները կարող են դառնալ Ռուսաստանի «Տրոյական ձին»։
«Իմ ամենամեծ երկյուղն այն է, որ ռուսաստանցիները ԵՄ կմտնեն հետևի դռնով», - հրատարակությունը մեջբերում է Կոսի խոսքը։
ԵՄ-ում մտավախություն ունեն, որ հետագայում կմեծանա այն երկրների թիվը, որոնք կգործեն Հունգարիայի նման՝ խոչընդոտելով Բրյուսելի որոշ նախագծերին։ Այս համատեքստում հիշատակվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մի քանի անգամ խոչընդոտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունումը, դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։
FT-ն նշում է, որ «մի շարք եվրոպական մայրաքաղաքներ դեմ են ԵՄ-ին Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությանը, քանի որ մտավախություն ունեն, որ նրանք կխախտեն ԵՄ-ի ժողովրդավարական, ԶԼՄ-ների ազատության և դատարանների անկախության կանոնները, երբ միանան ԵՄ-ին, ինչպես նաև դաշինք կկնքեն Ռուսաստանի հետ»։
Մարթա Կոսը նաև հայտնել է, որ անդամակցության թեկնածու երկրները կարող են ԵՄ-ին միանալ միայն երկրում «ցավոտ» բարեփոխումներից հետո։