Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. նրա հայրը ձերբակալվել է
2 րոպեի ընթերցում

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։
Քննչական կոմիտեից ևս հաստատեցին, որ սպանության մեղադրանքով ձերբակալվածը երեխայի հայրն է։
2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։ Նշանակվել էին փորձաքննություններ։