Ներկա փուլում ռուս-ուկրաինական հակամարտության բնույթով պայմանավորված են աշխարհաքաղաքական մի շարք գործոններ. Բենիամին Մաթևոսյան
6 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ընթանում է շատ դասական դիվանագիտական պայքար։
Քաղաքագետը հիշեցրեց ՝ երկու գերտերությունների նախագահներ Դոնալադ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցան Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ինչպես նաև Թրամփի ու ԵՄ ղեկավարների հանդիպումները, ինչից հետո իրավիճակը փոխվեց՝ ստանալով նոր երանգներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բենիամին Մաթևոսյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլին և այն հարցին, թե ինչո՞ւ չկայացավ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիայում նախանշված երկրորդ հանդիպումը։
«Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները հանդիպեցին Ալյասկայում, արդեն իսկ դրական երևույթ էր ամբողջ մոլորակի բնակչության համար, քանզի երբ երկու ատոմային գերտերությունների հարաբերություններն այնպիսի մակարդակի վրա են, որ նույնիսկ կոնտակտներ չկան, ապա նման դրությունը վտանգավոր է բոլորի համար»,- ասաց Մաթևոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ Ալյասկայում կայացած հանդիպման համատեքստում գրանցվեց մի ուշագրավ դրվագ։ Երբ երկու նախագահների նախանշված ընթրիքը չեղարկվեց, ռուսական ու ամերիկյան փորձագիտական շրջանակներում տարածվեց այն տեսակետը, որի համաձայն՝ սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերն, այդուհանդերձ, չէին եկել ընդհանուր հայտարարի։
«Եթե սկզբնական փուլում ԱՄՆ-ի նախագահն այն կոնցեպտի կողմնակիցն էր, որ հակամարտող կողմերին հնարավոր է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ նույնիսկ առանց հրադադարի ռեժիմի հաստատման և գալ խորքային պատճառներին առնչվող դիրքորոշումների հստակեցման ու պայմանավորվածությունների, ապա ժամանակի ընթացքում (այդ թվում եվրոպացի գործընկերների ուղիղ միջամտության, ճնշման, առաջարկների արդյունքում) եղավ մի իրավիճակ, երբ Դոնալդ Թրամփը նույնպես սկսեց խոսել այն մասին, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն շփման գծի երկայնքով, ինչից հետո պետք է մեկնարկեն սուբստանտիվ բանակցությունները»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ թեև ՌԴ-ի, մասնավորապես նրա նավթավերամշակող և վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ սահմանվում են պատժամիջոցներ, այդուհանդերձ, կա մի նրբերանգ։ Նախ՝ պատժամիջոցներից զգալիորեն տուժում է նաև ԵՄ-ն, քանի որ նախապես պարտավորվել էր մի քանի միլիարդ դոլարի էներգակիրներ գնել ԱՄՆ-ից, իսկ վերջինս իր հերթին փորձում է օգտագործել ուկրաինական ճգնաժամը՝ իրեն ենթարկելով եվրոպական էներգետիկ շուկան։
«Օրինակ՝ Գերմանիայում որոշ կազմակերպություններ, որոնք կապված են ՌԴ-ի հետ և հանդիսանում են ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության դուստր ձեռնարկությունները, հանվել են այն կառույցների ցանկից, որոնց դեմ կիրառվում են պատժամիջոցներ՝ ռուսական կողմի հետ համագործակցելու համար։ Փաստորեն մի կողմից տեղի է ունենում պատժամիջոցների խստացում, բայց մյուս կողմից էլ ակնառու է, որ թողնվում են հաղորդակցվելու ուղիներ։ ԱՄՆ-ն իր հերթին փորձում է առավելագույն չափով օգտվել ստեղծված իրավիճակից և վերջնարդյունքում ստանալ ամբողջ թխվածքաբլիթը՝ ի դեմս ԵՄ-ի ու եվրոպական շուկայի»,- մանրամասնեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ուկրաինական կողմն, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ին հարվածելու նպատակով կստանա հեռահար «Տոմահավկ» հրթիռներ, Մաթևոսյանն ընդգծեց, որ ուկրաինական կողմի տնօրինության տակ արդեն իսկ կան ամերիկյան արտադրության «Ատակամս» հեռահար հրթիռներ, որոնք ուկրաինացիներն առանց ամերիկացիների տեխնիկական աջակցության չեն կարող կիրառել։
«Բացի դրանից, ուկրաինական կողմը միշտ սպասում է ամերիկյան ու եվրոպական սպառազինության համալրման, սակայն այդ ամենը գետնի վրա իրավիճակը չի փոխում նրա օգտին։ Ռուսական կողմը հայտարարում է, որ նույնիսկ «Տոմահավկ» հրթիռների կիրառումը պատերազմական գործողությունների ընդհանուր պատկերի վրա չի ազդի, այլ պարզապես կլինի նոր էսկալացիա, և փորձարկում է «Բուրեվեստնիկ» գերարդիական հրթիռը։ Մոսկվան հայտարարում է, որ իր պարագայում խոսքը վերաբերում է ոչ այնքան կարմիր գծերին, որքան համբերության բաժակի պարունակությունը։ Ռուսական կողմն ասում է, որ կներկայանա բանակցություններին, եթե լինի քննարկման կոնկրետ առարկա, ինչը խնդրի կարգավորման տեսանկյունից կապահովի որոշակի առաջընթաց։ Նույն ձևակերպմամբ՝ Պուտինը հրաժարվում է հանդիպել ոչ միայն Զելենսկիի, այլև Թրամփի հետ, և նրանց փաստորեն դնում է նույն հարթության վրա»,- նշեց Մաթևոսյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ռուսների հետ հակամարտությունը կամ երկկողմ հարաբերություններում ճգնաժամային իրավիճակի խորացումը Միացյալ Նահանգների համար իսկապես խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն տակավին չի հրաժարվել Չինաստանի դեմ պայքարից։
«Չինաստանի հետ հակամարտությունն այն իրավիճակում, երբ Ռուսաստանը Չինաստանի դաշնակիցն է, իսկապես չի բխում ԱՄՆ-ի շահերից»,- եզրափակեց քաղաքագետը։