Իրավունք

Արայիկ Հարությունյանը դատապարտում է անձնական տվյալների հրապարակումն ու տարածումը

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը դատապարտում է անձնական տվյալների հրապարակումն ու տարածումը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դատապարտում է անձնական տվյալների հրապարակումն ու տարածումը:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:  

Մինասյանը հետաքրքրվեց, թե Հարությունյանն ի՞նչ գնահատական ունի անձնական տվյալների պաշտպանության, ապօրինի տեսագրությունների ու դրանց տարածման վերաբերյալ՝ նկատի ունենալով վերջին օրերին համացանցում տարածված ու  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութը: 

«Ձեր գնահատականը՝ հատկապես վերջին դեպքի օրինակով, դատապարտո՞ւմ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նման երևույթները կանխելու ուղղությամբ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը: 

«Միանշանակ դատապարտում եմ և՛ հրապարակումը, և՛ տարածումը»,-ասաց Հարությունյանը: 

Նա ընդգծեց, որ դեռ ընդդիմադիր եղած ժամանակներից՝ անկախ նրանից՝ հարցը վերաբերում էր ընդդիմությանը, թե իշխանությանը, ինքը հրաժարվել է այսպիսի մեթոդներով արված հրապարակումները մեկնաբանել:  

«Երբ սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, պարարտ հող ես ստեղծում, որ դրանք հետագայում նույնպես շարունակվեն: Միանշանակ, համապատասխան մարմինները և ատյանները պետք է միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: 

Վերջին օրերին «Տելեգրամ»-ում տարածվել էր անձնական բնույթի մի տեսանյութ, որը վերագրվում էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են տեսանյութի տարածումը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս անթույլատրելի է համարել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում