Հայաստան

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Լե Թհի Թու Հանգի գլխավորությամբ Հանոյում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարությունների միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ  կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության, ինչպես նաև առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ 

«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված վաշինգտոնյան համաձայնություններին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի, երկու երկրներում կայանալիք միջազգային ձևաչափի միջոցառումների առնչությամբ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հարթակներում հետագա փոխաջակցության և իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքների վերաբերյալ»,-ասվում է տեքստում։

Հանոյ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է նաև Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-վիետնմական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։ Քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման ուղիները, ինչպես նաև գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը վերաբերող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում