Եվրոպա

Լուվրի թանգարանում կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Լուվրի թանգարանում կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, տեղեկությունը հաստատել է Փարիզի դատախազությունը՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։

Le Parisien պարբերականի տվյալներով, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու ձերբակալվածները, ում ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։ 

Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի որոնման, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում