Երևանում մեկնարկել է Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի համաժողովը. կքննարկվեն մեդիայի մարտահրավերներն ու զարգացման ուղիները
7 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի (European Platform of Regulatory Authorities: EPRA) 62-րդ համաժողովը, որում Հայաստանը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Երկօրյա համաժողովը մեկ վայրում է հավաքել 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների՝ քննարկելու մեդիա ոլորտում գոյություն ունեցող ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկած hամաժողովի օրակարգում ներառված են թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման և պաշտպանության հիմնախնդիրները, ինչպես նաև ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմներն արագ փոփոխվող միջավայրում։
Համաժողովի մեկնարկին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով համաժողովի նպատակներն ու քննարկվելիք հարցերի շրջանակը, նշեց, որ միջոցառումն իրենից շատ կարևոր աշխատանքային գործընթաց է ներկայացնում։

«Եվրոպական կարգավորող մարմինների հարթակը շատ լուրջ գործունեություն է ծավալում՝ ներառելով 47 երկիր, 53 կարգավորող մարմին։ Մի քանի երկիր 2 կարգավորող մարմին ունեն, օրինակ՝ Իսպանիայում Կատալոնիան առանձին մարմին ունի, քանի որ այն ինքնավարություն ունի, կամ Բելգիայում վալոնացիներն ու ֆլամանդացիներն առանձին ունեն, քանի որ ևս ինքնավար են»,-նշեց Հակոբյանը։
Անդրադառնալով ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերներին՝ ՀՌՀ նախագահը շեշտեց, որ հանրությունն, ըստ էության, տեղյակ է բոլոր այդ մարտահրավերների մասին։
«Դուք բոլորդ շատ լավ գիտեք՝ ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթյունային զարգացման պայմաններում․ ապատեղեկատվություն, քարոզչություն, որը ոչ միայն քաղաքական է, դրանց ազդեցությունն անչափահասների վրա, երկրի տեղեկատվական անվտանգություն և այլն։ Քանի որ մենք մասնագիտական մեծ բազա չունենք այստեղ, ոլորտի մասին սովորելու, օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, բալանսավորելու ինչպես խոսքի ազատության իրավունքը, այնպես էլ մարդկանց պաշտպանության իրավունքը, այս գործում մեր ամենահիմնական աղբյուրը նմանատիպ հավաքներն են ու համաժողովները»,-ընդգծեց Տիգրան Հակոբյանը՝ շեշտելով, որ Հայաստանը բավականին մեծ դերակատարում ունի եվրոպական նմանատիպ կառույցներում ու հարթակներում։
Հակոբյանի բնորոշմամբ՝ նման կառույցների հետ աշխատանքը և գործունեությունը թույլ է տալիս նաև միջազգային հարթակներում պայքարել հակահայկական քարոզչության դեմ։

ՀՌՀ նախագահի խոսքով՝ համաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամ այն տեղի է ունեցել 2016 թվականին, որը, սակայն, փոքր-ինչ աննկատ է անցել։
«Տարբեր երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները, և արդեն EPRA-ի կարգավորող մարմինների հարթակի քարտուղարությունն ընտրում է երկիրը, որտեղ պետք է անցկացվի համաժողովը։ 7-8 երկիր մշտապես առաջարկում են իրենց ծառայությունները, բոլոր երկրները պատիվ են համարում ընդունել այս համաժողովը»,-ասաց Հակոբյանը՝ մանրամասնելով, որ համաժողովին մասնակցում են նաև Թուրքիայի պատվիրակությունը՝ 4 ներկայացուցչով։
ՀՌՀ նախագահի խոսքով՝ Թուրքիայի կարգավորող մարմնի հետ հայկական կողմի համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև Թուրքիայում հայերեն լեզվով մի քանի օնլայն հարթակ կա, և հայկական կողմը, թուրքական կողմի հետ աշխատելով, փորձում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ հարթակների հեռարձակման համար։
Խոսելով մեդիա ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի մասին՝ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ դա իրականում շատ բարդ աշխատանք է՝ հատկապես բալանսավորման տեսանկյունից։
«Բալանսավորումը դժվար բան է, և մեկնաբանություններն ու շահարկումները միշտ կարող են տարբեր լինել։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ՝ մեր լիազորությունները շատ սահմանափակ են։ Նոր է, որ Ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել օրենքում։ Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհում արդեն տեսալսողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեզ մոտ այդ բանը չկա, և այսօր առկա վտանգները, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հենց այդ հարթակներից են։ Աշխարհում ոչ մեկ չգիտի՝ որտեղ է խոսքի ազատության և խոսքի ազատության չարաշահման սահմանը, և այստեղ շատ կարևոր է կոնսենսուսը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև»,-ընդգծեց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարցը ևս լինելու է համաժողովի քննարկման առարկա։
Հակոբյանը հավելեց, որ համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլն։ ՀՌՀ նախագահը հայտնեց, որ ներկայացուցիչներ չկան Ռուսաստանից և Բելառուսից միայն այն պատճառով, որ այդ երկրներն այս հարթակի անդամ չեն, քանի որ հարթակի անդամ կարող են լինել միայն այն կարգավորող մարմինները, որոնք անկախ կարգավիճակ ունեն և գործադիր իշխանության մաս չեն կազմում։
Համաժողովին մասնակցում էր նաև Եվրոպական կարգավորող մարմինների հարթակի նախագահ Սթեֆանի Քոմին, որը նկատեց՝ Հայաստանը հարթակի անդամ է՝ սկսած 2010 թվականից։

«Այսօրվա համաժողովի ընթացքում մենք կխոսենք լրատվամիջոցների գործունեության կարգավորման կարևոր հարցերի, բազմակարծության և ազատության մասին։ Մենք նաև խոսելու ենք կարգավորող մարմինների համար ռազմավարության մշակման մասին։ Մենք կարծում ենք, որ կարգավորող մարմինների համար իսկապես կարևոր է մշակել լավ, ուժեղ ռազմավարություններ, որոնք կօգնեն նրանց կատարել իրենց առաքելությունը»,-նշեց EPRA-ի նախագահը:
Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը (EPRA) ստեղծվել է 1995 թվականին՝ միավորելու եվրոպական երկրների կարգավորող մարմիններին։ Այն նպատակ ունի նպաստել փորձի փոխանակմանը, մեդիա քաղաքականության արդի մարտահրավերների վերլուծությանը և ապացույցների վրա հիմնված մեդիա կարգավորման զարգացմանը։ EPRA-ն գործում է որպես համագործակցության հարթակ՝ խթանելով ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, խոսքի ազատության պաշտպանությունը և մեդիա բազմազանության ապահովումը։
