Քաղաքականություն

Ընդդիմության ակտիվ հատվածի խոսույթը մշակվում է Հայաստանից դուրս․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ընդդիմության ակտիվ հատվածի խոսույթը մշակվում է Հայաստանից դուրս․ վարչապետ

Ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները մշակվում են Հայաստանի սահմաններից դուրս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ուժերն իրականում ներքաղաքական կյանքի հետ կապ չունեն և գործում են արտաքին օրակարգերի շրջանակում։

«Մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները և քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է, և իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ժողովրդավարական հասարակությունը չի կարող վտանգ ներկայացնել ժողովրդավարական կառավարությանը, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է քննարկում և բանավեճ սկզբունքների շուրջ։

Սակայն, ըստ նրա, խնդիրը նրանում է, որ ընդդիմության որոշ խմբեր գործում են արտաքին ուժերի հանձնարարությամբ։

«Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդամենը արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ՝ բառիս բուն և ուղիղ իմաստով։ Եվ դա, կարծում եմ, ակնհայտ է»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ ներքաղաքական դաշտում հիմնական հարցը մնում է Հայաստանի անկախության պահպանումը։

«Հարցը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը պե՞տք է լինի անկախ պետություն, թե՞ չլինի անկախ պետություն։ Խաղաղության օրակարգն էլ սրա հետ է կապված, որովհետև խաղաղությունը անկախության գործոն է, իսկ կոնֆլիկտը՝ կախվածության գործոն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ որոշ արտաքին ուժեր դժգոհ են այն հանգամանքից, որ Հայաստանը հաղթահարել է երկար տարիներ պահպանված կախվածության իրավիճակը, և այժմ փորձում են հետ բերել այդ վիճակը։
«Այստեղ, ինչպես միշտ, վճռական խոսքը ժողովրդինն է լինելու, և ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը իր դեմ գործել»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում