Հարավային Կորեան ձգտում է զենքի արտահանման ծավալներով դառնալ չորրորդն աշխարհում. Լի Չժե Մյոն
2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվել սպառազինությունների համաշխարհային շուկայում չորրորդ խոշորագույն խաղացողը դառնալու իր ձգտումներից:
«Ռազմաարդյունաբերական համալիրում չորրորդ պետությունը դառնալն ամենևին անիրականանալի երազանք չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Լի Չժե Մյոնը Կոյանում ADEX 2025 ռազմական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ:
«Սա [իրատեսական է] նախորդ կառավարությունների՝ ռազմաարդյունաբերական հատվածի և օդատիեզերական ճյուղի զարգացմանն ուղղված աշխատանքի շնորհիվ, որի ընթացքում պաշտպանական նշանակության պատվերներն առաջին անգամ գերազանցեցին 10 միլիարդ դոլարը, իսկ Կորեայի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ ռազմական տերությունը», - պարզաբանել է նախագահը:
Պետության նախկին ղեկավար Յուն Սոկ Յոլը դեռ 2022 թ. աշնանն է հայտարարել, որ կցանկանար մինչև 2027 թ. երկիրը դարձնել աշխարհում չորրորդ զենք արտահանողը և զբաղեցնել պաշտպանական նշանակության համաշխարհային շուկայի 5%-ը:
«Մեր կառավարությունն այս ամուր հիմքի վրա չորրորդ տեղը կբարձրանա ռազմաարդյունաբերական և օդատիեզերական տերությունների շարքում՝ համարձակ ներդրումների և պետական օգնության միջոցով»,- ինչպես հայտնում են նախագահի գրասենյակից, ասել է Լի Չժե Մյոնը։