«Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ
4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ՀՀ բոլոր մարզերի ընդգրկմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի ընդլայնման մասին ազդարարվեց հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած միջոցառմանը, որին ներկա էին կրթության ոլորտի պատասխանատուներ, ծրագրի գործընկերներ, ուսուցիչներ, սովորողներ։
FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանի խոսքով՝ հիմնադրամի նպատակը Հայաստանը նորարարական կենտրոն դարձնելն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով արհեստական բանականությանը։

«Մեզ համար շատ կարևոր է իրականացնել ոչ թե պարզապես միջոցառումներ, նախագծեր, այլ համակարգային մոտեցում ցուցաբերել, որպեսզի կարողանանք հիմքի վրա ամբողջական, ամուր կառույց ստեղծել։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա ողջ աշխարհում մրցունակ լինել, լուրջ նշանակություն ունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհի լավագույն հնգյակում լինել»,-ասաց Անդոնյանը։
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի մեկնարկից առաջ դժվար էր պատկերացնել դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ առարկաների ներդրումը։

«Հիմա միջազգային տարբեր հարթակներում կիսում ենք մեր փորձը և այս ծրագրի փորձառությունն այսօր արդեն շատ հետաքրքիր է, ուսանելի տարբեր երկրների համար։ Այս հաջողությունը մենք ունեցել ենք, որովհետև, իսկապես, սա համատեղ գործընկերություն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել FAST հիմնադրամին այս ճկունության ու համագործակցային մթնոլորտի համար»,-ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախարարության համապատասխան աշխատակիցներին, ծրագրով դասավանդող բոլոր ուսուցիչներին, որոնք, ըստ նրա, չնայած բոլոր դժվարություններին, հետևողականորեն իրականացրել են իրենց առաքելությունը։
Գերատեսչության ղեկավարի բնութագրմամբ՝ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը, քանի որ արդեն ունի տեխնոլոգիական կրթության պրոդուկտներ, որոնք ճանաչելի, փոխառելի, գրավիչ են տարբեր երկրների ու միջավայրերի համար։
FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ծրագիրը երկու տարի առաջ պիլոտային ձևաչափով մեկնարկել է հանրապետության 15 ավագ դպրոցներում՝ ունենալով մոտ 600 սովորող։

Նա նշեց, որ ծրագրի ընդլայնումը նախատեսվում էր 2026 թվականին՝ պիլոտային փուլի ավարտից հետո, սակայն ինտենսիվ աշխատանքի շնորհիվ ու ակնառու արդյունքից ելնելով, որոշում է ընդունվել նախարարության հետ համատեղ ջանքերով օր առաջ մեկնարկել այն։
«Այս տարի 23 դպրոցներում, 19 քաղաքներում ծրագիրն արդեն մեկնարկել է։ Աշխատում է մոտ 100 ուսուցիչ և այս տարիների ընթացքում արդեն ներգրավվել է մոտ 1000 աշակերտ»,-մանրամասնեց Շամախյանը՝ հավելելով, որ ծրագրում ընդգրկվածների թիվը կազմում է Հայաստանի ավագ դպրոցներում սովորողների 10 տոկոսը։
Բանախոսի տեղեկատվությամբ՝ 2026 թվականին նախատեսվում է իրականացնել ընդլայնման վերջին փուլը, որը «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի առանցքային բոլոր բնակավայրերում՝ օգտվելու հնարավորություն ընձեռելով ավագ դպրոց հաճախող աշակերտների մեծ մասին։