3 րոպեի ընթերցում
Երևանում հանդիսավորությամբ նշվեց Բելգիա-Հայաստան առևտրային պալատի 20-ամյակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին բելգիական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, գործարարներ և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի գործընկերներ։
Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի խոսքով՝ 20 տարի առաջ պալատը ծնունդ առավ այն գաղափարական համոզմունքից, որ Հայաստանն ու Բելգիան, չնայած աշխարհագրական հեռավորությանը, կարող են մոտ լինել բիզնեսի, մարդկային կապերի ու երկխոսության շնորհիվ։
«Վերջին 20 տարիներին մեր պալատը հետևողականորեն ակտիվ դերակատարություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների մերձեցման գործում։ Այս ընթացքում մենք բազմաթիվ բիզնես-առաքելություններ ենք կազմակերպել, մատչելի դարձրել գործընկերությունը և ձևավորել վստահելի միջավայր հայկական ու բելգիական ձեռնարկությունների միջև»,-ներկայացրեց Սաֆարյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին և բարձր գնահատելով նրանց ներդրումն այդ գործընթացում։
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքը, շնորհավորելով Բելգիա-Հայաստան առևտրի պալատի տարեդարձի կապակցությամբ, շեշտեց, որ 20 տարի արդյունավետ գործունեություն ծավալելն արդեն իսկ մեծ նվաճում է:
«Ես իմ աշխատանքը համարում եմ «կետերը» միացնելն ու Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելը։ Հաճախ անհրաժեշտ է մարդկանց համոզել, որ այստեղ՝ Հայաստանում, բիզնեսով զբաղվելու հնարավորություններ կան: Եվ ամեն տարի ես տեսնում եմ նոր դեմքեր, նոր հետաքրքրություններ՝ այս երկիրը բացահայտելու համար»,-ասաց դեսպանը:
Առողջապահական սարքավորումներ մատակարարող բելգիական «FSE Group» ընկերությունների խմբի տնօրենի տեղակալ Ռաֆայել դե Տրամազուրը, որը Բելգիա-Հայաստան առևտրի պալատի հրավերով առաջին անգամ է Հայաստանում, տեղեկացրեց, որ իր առաքելության նպատակը համապատասխան տեխնիկական միջոցների մատակարարման համար Հայաստանի առողջապահական կենտրոնների հետ համագործակցություն ստեղծելն է։
«Մենք այդ սարքավորումների ստեղծողն ու արտադրողը չենք, բայց միջնորդ ենք, որպեսզի առողջապահական հաստատությունները կարողանան ձեռք բերել դրանք։ Մենք առիթ ունեցանք հանդիպելու մասնավոր բժշկական կենտրոնների, կլինիկաների հետ՝ քննարկելով այն բոլոր հնարավորությունները, թե ինչպես կարող ենք նպաստել, որպեսզի ընդլայնվելու նպատակ ունեցող հաստատությունները, ինչպես նաև նոր բացվող կլինիկաները մեր միջնորդությամբ համալրվեն ամենաժամանակակից սարքավորումներով»,-ասաց բելգիական ընկերությունների խմբի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանում պոտենցիալ համագործակցության եզրեր կան, և աշխատանքներ են տարվում տեղում գործընկեր գտնելու ուղղությամբ։