Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 10-ին, ժամը 19։56-ին տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: