ՄԱԶԾ-ն տվել է համայնքների զարգացմանն աջակցող ԵՄ նախաձեռնության երրորդ փուլի մեկնարկը

6 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), բարեհաջող ավարտելով  տեղական զարգացմանն աջակցող Եվրոպական միության առաջատար նախաձեռնությունը, «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) միջոցառմամբ Հայաստանում տվեց ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀՏԶ-ի երրորդ փուլը հիմնվում է նախորդ ձեռքբերումների վրա՝ միաժամանակ ներառելով կոնկրետ կենտրոնացում տեղական զարգացման առաքելությանը միտված մոտեցման վրա: 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց՝ կարճաժամկետ և տարանջատված ծրագրերին աջակցելու փոխարեն համայնքներն այսուհետ կաշխատեն համակարգված նախաձեռնությունների փաթեթների վրա: Ըստ նրա՝ սա արտացոլում է ԵՄ-ի հանձնառությունը ՀՀՏԶ-ի շրջանակներում՝ զորեղացնելու տեղական իշխանություններին և առաջ մղելու կայուն փոխակերպումներ Արևելյան գործընկերության տարածաշրջանում, ինչպես նաև խթանելու համակարգային փոփոխություններ:  

«ՀՀՏԶ-ի այս նոր փուլը նշանավորում է անցում դեպի ավելի փոխակերպող, առաքելությանը միտված մոտեցումների, որոնք հնարավորություն են տալիս համայնքներին վերաիմաստավորել իրենց դերը՝ կայունություն ստեղծելու և կայուն զարգացում ապահովելու գործում՝ միաժամանակ բերելով շոշափելի բարելավումներ իրենց քաղաքացիների կյանքում»,- ասաց Նացվլիշվիլին: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն էլ նշեց, որ համայնքների դերի ամրապնդումը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման օրակարգի համար: 

«ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնության միջոցով մենք համայնքներին տալիս ենք գործիքներ՝ իրենց քաղաքացիների համար կայուն և ճկուն ապագա ձևավորելու համար»,- ասաց նա: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ իր հերթին ընդգծեց՝ ԵՄ-ն հավատարիմ է հայկական համայնքներին աջակցելու գործին, որպեսզի դրանք դառնան կայուն և ներառական աճի շարժիչ ուժ՝ առաջ մղելով կանաչ անցումը և խթանելով նորարարությունները տեղական մակարդակում: 

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանը նշեց, որ ծրագիրը սկսվել է 2017-ին, իսկ 2021-ից իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ 2021-2024 թվականներին  իրականացվել է ծրագրի երկրորդ փուլը, իսկ արդեն մեկնարկած երրորդ փուլը կտևի մինչև 2028 թվականը։  

Նրա խոսքով՝ հիմնական շեշտը դրվում է համայնքապետարանների կարողությունների զարգացման վրա։ 

«Ծրագիրը կարևորում է ոչ միայն համայնքների ղեկավարների, այլև միջին օղակի դերը։ Շատ հաճախ նրանք չունեն բավարար հմտություններ և գործիքակազմ՝ համայնքային խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար։ Մեր նպատակը նրանց տրամադրելն է նոր մեթոդաբանություն, գործնական գիտելիք և նորարարական մոտեցումներ»,- նշեց Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ ծրագրի հիմքում համայնքի տեսլականի ձևավորումն է՝ հիմնավելով առնելով համայնքի բնակիչների կարծիքների վրա։ 

«Համայնքապետարանի աշխատակիցները ծրագրի շրջանակներում լսում են հենց համայնքի բնակիչների կարծիքները։ Միայն այդպես կարելի է գտնել լուծումներ, որոնք իսկապես հասցեագրում են առկա խնդիրները: Մենք նախապես չենք հայտարարում, թե ինչ ենք ֆինանսավորելու։ Համայնքի հետ անցնում ենք ամբողջ ճանապարհը, հավաքում տվյալներ, վերլուծում և դրա հիման վրա որոշում ֆինանսավորման ուղղությունները»,- նշեց Մարուքյանը։ 

«Մինչև այժմ մենք աշխատել ենք Կապան, Արենի, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ և Ալավերդի համայնքների հետ։ Նոր փուլում միացել են Գորիսը, Նոյեմբերյանն ու Ապարանը»,- հավելեց նա։ 

Ծրագիրը համապետական է․ հայտարարությունների միջոցով ընտրվում են այն համայնքները, որոնք պատրաստ են ներգրավվել և անցնել առաջարկվող գործընթացով։

Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանի խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կարևոր է եղել համայնքի կարողությունների զարգացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար։ 

«Կապանը դեռևս 2018-ին միացավ նախաձեռնությանը, իսկ 2022-ին դիմեցինք պորտֆելային վերափոխման ծրագրին։ Դրա շրջանակում իրականացրեցինք մի շարք ծրագրեր՝ ուղղված սոցիալական ոլորտի և տնտեսության զարգացմանը։ Սա մեզ հնարավորություն տվեց հատկապես հետպատերազմյան շրջանում զարգացնել համայնքի կարողությունները սոցիալական ոլորտում և աջակցել տնտեսության ոչ հանքարդյունաբերական ճյուղերին»,- նշեց Թադևոսյանը։ 

Նաթիա Նացվլիշվիլի

Ֆրանկ Հեսս

Ֆրանկ Հեսս

Նրա խոսքով՝ պորտֆելային մոտեցումը թույլ տվեց ավելի ճկուն և արագ արձագանքել խնդիրներին ու հասնել դրված նպատակներին. «Նման ծրագրերը ոչ միայն լուծումներ են տալիս համայնքի առկա խնդիրներին, այլև հիմք են ստեղծում կայուն տնտեսական աճի համար»,-նշեց նա: 

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը