ՄԱԶԾ-ն տվել է համայնքների զարգացմանն աջակցող ԵՄ նախաձեռնության երրորդ փուլի մեկնարկը
6 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), բարեհաջող ավարտելով տեղական զարգացմանն աջակցող Եվրոպական միության առաջատար նախաձեռնությունը, «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) միջոցառմամբ Հայաստանում տվեց ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀՏԶ-ի երրորդ փուլը հիմնվում է նախորդ ձեռքբերումների վրա՝ միաժամանակ ներառելով կոնկրետ կենտրոնացում տեղական զարգացման առաքելությանը միտված մոտեցման վրա:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց՝ կարճաժամկետ և տարանջատված ծրագրերին աջակցելու փոխարեն համայնքներն այսուհետ կաշխատեն համակարգված նախաձեռնությունների փաթեթների վրա: Ըստ նրա՝ սա արտացոլում է ԵՄ-ի հանձնառությունը ՀՀՏԶ-ի շրջանակներում՝ զորեղացնելու տեղական իշխանություններին և առաջ մղելու կայուն փոխակերպումներ Արևելյան գործընկերության տարածաշրջանում, ինչպես նաև խթանելու համակարգային փոփոխություններ:
«ՀՀՏԶ-ի այս նոր փուլը նշանավորում է անցում դեպի ավելի փոխակերպող, առաքելությանը միտված մոտեցումների, որոնք հնարավորություն են տալիս համայնքներին վերաիմաստավորել իրենց դերը՝ կայունություն ստեղծելու և կայուն զարգացում ապահովելու գործում՝ միաժամանակ բերելով շոշափելի բարելավումներ իրենց քաղաքացիների կյանքում»,- ասաց Նացվլիշվիլին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն էլ նշեց, որ համայնքների դերի ամրապնդումը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման օրակարգի համար:
«ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնության միջոցով մենք համայնքներին տալիս ենք գործիքներ՝ իրենց քաղաքացիների համար կայուն և ճկուն ապագա ձևավորելու համար»,- ասաց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ իր հերթին ընդգծեց՝ ԵՄ-ն հավատարիմ է հայկական համայնքներին աջակցելու գործին, որպեսզի դրանք դառնան կայուն և ներառական աճի շարժիչ ուժ՝ առաջ մղելով կանաչ անցումը և խթանելով նորարարությունները տեղական մակարդակում:
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանը նշեց, որ ծրագիրը սկսվել է 2017-ին, իսկ 2021-ից իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ 2021-2024 թվականներին իրականացվել է ծրագրի երկրորդ փուլը, իսկ արդեն մեկնարկած երրորդ փուլը կտևի մինչև 2028 թվականը։
Նրա խոսքով՝ հիմնական շեշտը դրվում է համայնքապետարանների կարողությունների զարգացման վրա։
«Ծրագիրը կարևորում է ոչ միայն համայնքների ղեկավարների, այլև միջին օղակի դերը։ Շատ հաճախ նրանք չունեն բավարար հմտություններ և գործիքակազմ՝ համայնքային խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար։ Մեր նպատակը նրանց տրամադրելն է նոր մեթոդաբանություն, գործնական գիտելիք և նորարարական մոտեցումներ»,- նշեց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի հիմքում համայնքի տեսլականի ձևավորումն է՝ հիմնավելով առնելով համայնքի բնակիչների կարծիքների վրա։
«Համայնքապետարանի աշխատակիցները ծրագրի շրջանակներում լսում են հենց համայնքի բնակիչների կարծիքները։ Միայն այդպես կարելի է գտնել լուծումներ, որոնք իսկապես հասցեագրում են առկա խնդիրները: Մենք նախապես չենք հայտարարում, թե ինչ ենք ֆինանսավորելու։ Համայնքի հետ անցնում ենք ամբողջ ճանապարհը, հավաքում տվյալներ, վերլուծում և դրա հիման վրա որոշում ֆինանսավորման ուղղությունները»,- նշեց Մարուքյանը։
«Մինչև այժմ մենք աշխատել ենք Կապան, Արենի, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ և Ալավերդի համայնքների հետ։ Նոր փուլում միացել են Գորիսը, Նոյեմբերյանն ու Ապարանը»,- հավելեց նա։
Ծրագիրը համապետական է․ հայտարարությունների միջոցով ընտրվում են այն համայնքները, որոնք պատրաստ են ներգրավվել և անցնել առաջարկվող գործընթացով։
Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանի խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կարևոր է եղել համայնքի կարողությունների զարգացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար։
«Կապանը դեռևս 2018-ին միացավ նախաձեռնությանը, իսկ 2022-ին դիմեցինք պորտֆելային վերափոխման ծրագրին։ Դրա շրջանակում իրականացրեցինք մի շարք ծրագրեր՝ ուղղված սոցիալական ոլորտի և տնտեսության զարգացմանը։ Սա մեզ հնարավորություն տվեց հատկապես հետպատերազմյան շրջանում զարգացնել համայնքի կարողությունները սոցիալական ոլորտում և աջակցել տնտեսության ոչ հանքարդյունաբերական ճյուղերին»,- նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ պորտֆելային մոտեցումը թույլ տվեց ավելի ճկուն և արագ արձագանքել խնդիրներին ու հասնել դրված նպատակներին. «Նման ծրագրերը ոչ միայն լուծումներ են տալիս համայնքի առկա խնդիրներին, այլև հիմք են ստեղծում կայուն տնտեսական աճի համար»,-նշեց նա: