Երևանում օդի որակն օգոստոսին և սեպտեմբերին լավ է եղել․ ըստ Ավինյանի՝ խնդիրները կսկսվեն նոյեմբերին
1 րոպեի ընթերցում

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի աղտոտվածությունը չափող 166 սարքերի տվյալների համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին մայրաքաղաքում օդի որակը եղել է լավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Լուրերը, թե Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում։ Դրա ապացույցը Երևանում տեղադրված բոլոր 166 սարքերի տվյալներն են։ Օգոստոսին և սեպտեմբերին օդի որակը եղել է գերազանց և լավ միջակայքում: Օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք, վստահաբար, ունենք անելիքներ»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետը շինարարական ընկերություններին հորդորեց ավելի պատասխանատու մոտենալ մայրաքաղաքի օդը չաղտոտելու հարցին, նշեց՝ երբ գա շինթույլտվությունները երկարացնելու ժամանակը, քաղաքը աղտոտող կառուցապատողները կպատժվեն: