Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը հատել է եզրագիծը
4 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում, հատել է եզրագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով փառատոնը միավորել է Հայաստանի երեք հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին։
Փառատոնային առաջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, Վանաձորի կամերային նվագախումբը հրաշալի կատարել է ժամանակակից կոմպոզիտորներ Արմենուհի Կարապետյանի «Ծաղկած նշենի», Հայկուհի Հակոբյանի «Լեռան կանչը», Ժիրայր Շահրիմանյանի «Նվիրում հրեշտակիս», Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում», Նարինե Զարիֆյանի «Ճանապարհ», «Տերևաթափ» և Դավիթ Հալաջյանի «…Ներբող…» ստեղծագործությունները։ Առաջին չորս հեղինակի ստեղծագործությունները կատարվել են առաջին անգամ:
Երեկոյի ընթացքում մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարած նվագախումբը հնչեցրել է նաև տարվա հոբելյարներ Ղազարոս Սարյանի «Գառնի» և Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմնտ» ստեղծագործությունները:
«Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է: Եթե գրված ստեղծագործությունը չի հնչում, կարող ենք ասել, որ չի գրվել: Պետք է գոնե մեկ անգամ հնչի, դրա համար էլ չափազանց կարևոր են Հայաստանի կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունները»,-նշել է ՀՀ արվեսի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Փառատոնային երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Հայ ժամանակակից երաժշտությունը» թեմայով վարպետության դաս-դասախոսություն է անցկացվել Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների՝ նախապես գրանցված աշակերտների համար:
Նախագծի եզրափակիչ օրը բեմում է եղել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչել են Կարեն Անանյանի «Դել յանամ», «Երազ» և Արամ Սաթյանի «Հայի երկիր» ստեղծագործությունները: Հնչել են նաև Վարդ Մանուկյանի ռապսոդիա «Սասունցիներ», Խաչատուր Մարտիրոսյանի «Պոեմ», ինչպես նաև տարվա հոբելյարներ Գևորգ Արմենյանի Կոնցերտը՝ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունները: Փառատոնը եզրափակվել է տարվա մեկ այլ հոբելյարի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հանրահայտ «Սարդարապատ»-ի հնչյունների ներքո՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախմբի մասնակցությամբ:
Արամ Սաթյանի խոսքով՝ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար:
«Միևնույն ժամանակ, կարևորելով մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունը, մենք նորի կողքին մշտապես արժևորում և ներկայացնում ենք ժամանակի բովով անցած հրաշալի ստեղծագործությունները»,-ընդգծել է նա։
Փառատոնին որպես մենակատար հանդես են եկել Վաչե Հովեյանը (ալտ), Ազատ Հարությունյանը (թավջութակ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):
Փառատոնն իրականացնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։