Նախկինում վարժական հավաքները եղել են ձևական, այսօր իրականացվում են ըստ բովանդակության և նշանակության․ փոխնախարար
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց 25-օրյա վարժական հավաքների կազմակերպումը՝ նշելով դրանց արդյունավետության և պայմանների շուրջ առկա խնդիրները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկումներին՝ շեշտելով, որ անցյալում վարժական հավաքները հաճախ ձևական բնույթ էին կրում, մինչդեռ այսօր դրանք իրականացվում են ըստ բովանդակության և նշանակության։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ վերջին երկու-երեք տարիներին կառավարությունը վարժական հավաքների շուրջ ընդունել է բազմաթիվ փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են խստացումներին ու հստակեցումներին։ Նա ընդգծեց, որ խնդիրները մնում են չլուծված։
«Շատ քաղաքացիներ խուսափում են վարժական հավաքներից՝ պայմանավորված անվստահությամբ, անպաշտպանվածությամբ, ընտանիքից և աշխատանքից կտրված լինելու հանգամանքով», -նշեց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ օրենքով վարժական հավաքները պետք է լինեն ուսումնական, սակայն իրականում 10 օր անց քաղաքացիներին ուղարկում են մարտական հերթապահության։
«Այսինքն՝ հավաքները աղճատվել են և օգտագործվել նաև քաղաքական նպատակներով»,-ընդգծեց նա։
Ըստ Մանուկյանի՝ մարզերից քաղաքացիները պարտաճանաչ մասնակցում են հավաքներին, մինչդեռ Երևանում խուսափումները շատ են։
«Եթե առաջ զինվորը 15 օր էր կանգնում մարտական հենակետում, հիմա դա երկարում է մինչև 2-3 ամիս։ Իսկ վարժական հավաքները կազմակերպվում են այդ բացը լրացնելու համար»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորը նշեց, որ տաքսու վարորդը, օրինակ, հավաքի ընթացքում ստանում է 180 հազար դրամ, որը համեմատելի չէ իր իրական եկամուտների հետ։
«Գոյություն ունեն նաև հանդերձանքի հետ կապված խնդիրներ․ հավաքից հետո երբեմն 42 հազար դրամ է պահվում, իսկ այժմ հանդերձանքը տալիս են՝ պահանջելով երեք տարի աչքի լույսի պես պահել»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ որոշ դեպքերում զինծառայողների կեցության պայմանները պարզապես անհանդուրժելի են։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի գնահատականներին։
«Եթե ամեն ինչ աչքակապություն լիներ, ապա խնդիրները չէին բարձրաձայնվի և շտկումներ չէին իրականացվի։ Փաստն ինքնին, որ փոփոխություններ արվում են, վկայում է համակարգի կատարելագործման մասին»,-ընդգծեց փոխնախարարը։
Ըստ փոխնախարարի՝ նախկինում հավաքները հիմնականում ձևական էին, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։
Փոխնախարարի խոսքով՝ հավաքների 24 օրից շուրջ 10 օրը զինծառայողները մասնագիտական ուսումնասիրությունների և ունակությունների զարգացման գործընթացի մեջ են, մնացած ժամանակահատվածում էլ ներգրավվում են ծառայության իրականացման մեջ, այդ թվում՝ մարտական հերթապահության։
«ԱԺ-ում ընդունվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով ամրագրվել է, որ վարժական հավաքներին մասնակցող քաղաքացու վարձատրությունը չի կարող նվազել»,- ասաց նա։
Սարգսյանը շեշտեց, որ խնդիր կա չգրանցված աշխատողների պարագայում։
«Չգրանցված աշխատողը չի կարող բանակի խնդիրների մասին խոսել, քանի որ իր հարկային գրանցմամբ է ձևավորվում պետական բյուջեն, որով էլ ապահովվում են բանակի կարիքները»,- շեշտեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ 42 հազար դրամի պահանջը չի վերաբերում համազգեստին, այլ այն իրերին, որոնք տրամադրվում են ծառայության ընթացքում, իսկ անձը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով կորցրել է։