Հայաստան

Ամեն հինգերորդ մարդը մահանում է սրտանոթային հիվանդություններից․ մասնագետները հորդորում են վաղ հետազոտվել և կանխարգելել

5 րոպեի ընթերցում

Ամեն հինգերորդ մարդը մահանում է սրտանոթային հիվանդություններից․ մասնագետները հորդորում են վաղ հետազոտվել և կանխարգելել

Սեպտեմբերի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Սրտի համաշխարհային օր։ Այսօր բժշկական հանրությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ սրտի առողջության պահպանումը սկսվում է կանխարգելումից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Արմինե Թորոսյանը հորդորեց և խորհուրդ տվեց բոլոր այն մարդկանց, որոնք ընդհանրապես հետազոտված չեն, այդ օրը օգտագործեն ու հոգ տանեն իրենց առողջության մասին:  

«Հենց այդ օրը կարելի է չափել զարկերակային ճնշումը, կատարել ստանդարտ արյան թեստեր, որոնք վերաբերում են արյան մեջ շաքարի և խոլեստերինի որոշմանը։ Ուղղակի կարելի է հաշվել սրտազարկը մեկ րոպեում։ Սրանք շատ պարզ գործողություններ են։ Մոլորակի վրա ապրող մարդկանցից յուրաքանչյուր հինգերորդը վաղաժամ կորցնում է կյանքը հենց սրտանոթային հիվանդությունների պատճառով։ Սակայն մեծ մասամբ հնարավոր է կանխարգելել այդ կորուստները։ Եթե կան նույնիսկ փոքրիկ գանգատներ, անպայման պետք է դիմել սրտաբանի։ Իսկ ամենակարևորն այն է, որ պետք է դիմել և հետազոտվել մինչև գանգատների ի հայտ գալը»,-նշեց սրտաբանը:  

Առողջապահական համակարգն ամբողջ աշխարհում տարեցտարի զարգանում է, սակայն սրտի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառներից։ Հիվանդությունների զարգացման գործոնները տարբեր են, բայց մեծ մասը՝ կառավարելի։

«Դա վերաբերում է մեր սննդին, նստակյաց ապրելակերպին, օդի աղտոտվածությանը։ Խիստ կարևորում ենք ակտիվ ապրելակերպը։ Կարծում եմ՝ բոլորս բազմիցս լսել ենք այդ մասին։ Իմ խորհուրդն էլ նույնն է՝ հնարավորինս ակտիվ կյանքով ապրել, ամեն առիթ օգտագործել ոտքով տեղաշարժվելու համար՝ խուսափելով մեքենայից կամ վերելակից, շատ պարել, շատ ծիծաղել և սիրտը սնուցել դրական էմոցիաներով, սիրտը սնուցել այն սննդամթերքով, որը մեզ տալիս է բնությունը։ Պետք է ավելի մոտ լինել բնությանը»,-ասաց մասնագետը։

Բուժառու Արայիկ Անղալաթյանն էլ իր փորձով հորդորեց շուտ հետազոտվել և հրաժարվել վատ սովորություններից․
«Ամենակարևորը՝ ծխելը թողնելն է։ Ես շատ եմ ծխել։ Երկու տարի առաջ ստենտավորվել եմ։ Դրանից հետո վատ եմ զգացել, դիմել եմ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, վիրահատվել եմ մոտ 15 օր առաջ։ Հիմա լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Պետք է բժիշկի հսկողության տակ լինեմ յուրաքանչյուր ամիս»։ 

Սրտաբանության ոլորտը վերջին տարիներին մեծ զարգացում է գրանցել նաև Հայաստանում՝ չզիջելով միջազգային ստանդարտներին։  

«Մեծ առաջընթաց կա դեղորայքային բուժման և կորոնար հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Զարգացել է նաև միջամտական բուժումը։ Ամբողջ աշխարհում միտումը այն է, որ փորձենք նվազեցնել վիրաբուժական միջամտությունների թիվը և ավելի շատ կիրառենք ներանոթային գործողությունները»,-ասաց  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանը։

Մասնագետը բուժառուներին հորդորեց լինել ուշադիր սեփական  առողջության հանդեպ, քանի որ միայն նշանակված դեղահաբը բավարար կարող է չլինել արդյունքի հասնելու համար։  

«Շատ կարևոր են պարբերաբար կատարվող պարզ հետազոտությունները և առողջ ապրելակերպը։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում սրտի հիվանդությունների բուժմանը և հետագա ընթացքի շարունակական ապահովմանը։ Ինչո՞ւ է սա կարևոր․ սրտային պաթոլոգիաների մեծ մասը կրում են խրոնիկ բնույթ։ Միայն մեկ այցով սրտաբանի մոտ գնալը և ցուցումներ կամ նշանակումներ ստանալը բավարար չէ։ Շատ կարևոր է շարունակականությունը։ Սովորաբար ասում ենք՝ դա ամբողջ կյանքի համար է։ Ներկայում մեր բազայում գրանցված է մոտ 237 հազար բուժառու։ Ուզում եմ նշել, որ արդեն 30 տարի ունենք պացիենտներ, որոնք գտնվում են շարունակական հսկողության ներքո»,-ասաց Արմինե Թորոսյանը։ 

Նա հավելեց, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը միանում է Սրտի համաշխարհային օրվա շրջանակում իրականացվող իրազեկման արշավին՝ հանդիպում կազմակերպելով ոչ միայն բուժառուների, այլև առողջ քաղաքացիների համար, որոնք ցանկանում են լինել իրազեկված։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում