Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-31/25. Այլին, Դենիս, Բրեյըր

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-31/25. Այլին, Դենիս, Բրեյըր

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Ճան Այլին, «Քաղաքներ ավերող սեր»

1940-ականների Շանհայ, Երկրորդ աշխարհամարտի և ճապոնական բռնազավթման խառնակ միջավայր։ Պահպանողական ընտանիքից սերող և ամուսնալուծված կինը՝ Պայ Լիոսույը, որոշում է նոր էջ բացել իր կյանքում։ Նրա և մեծահարուստ Ֆան Լիոյուենի հարաբերությունները զարգանում են նախապաշարմունքներով ու պատերազմի ողբերգական տարիներով պայմանավորված մթնոլորտում։ Ֆանը աշխատանքի բերումով պատրաստվում է մեկնել Անգլիա: Մինչ նրա նավը ճանապարհ դուրս կգար՝ քաղաքը ենթարիվում է ճապոնական բանակի հարձակման։ 

Գրքում շոշափվում են ընտանիքի, ավանդույթների, սիրո և մարդկային ընտրության թեմաները՝  կազմելով ճակատագրի ու զգացմունքների ազդեցիկ պատմություն։ Չինարենից թարգմանությունը՝ Վեներա Իսախանյանի և Մելինե Գրիգորյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Քրիստոֆեր Դենիս, «Խավարի ասպետ բուն ու արտույտ վաղազարթույտը»

Վաղ Թռչունը ցանկանում է խիզախ լինել և պաշտպանել ամրոցը, ինչպես Ասպետ Բուն։ Բայց նա քնում է աշխատանքի ժամանակ, իսկ հետո ցերեկը խանգարում է իր հերոսին իր խանդավառ խոսակցություններով, բարի մտադրություններով հարցերով և ուրախ բվի ընդօրինակումներով։ Սակայն անտառում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում, և շուտով Ասպետ Բուն ու Վաղ Թռչունը հայտնվում են վտանգի մեջ։ Կկարողանա՞ն արդյոք այս երկուսը սովորել միասին աշխատել՝ պահպանելու համար իրենց և թագավորությունը։ Թարգմանությունը անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նոն ֆիքշն գրականություն. Ռոլանդ Բրեյըր, «Սուտ․Կեղծարարություն․Հիմարություն»

Հրատարակվել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ռոլանդ Բրեյըրի «Սուտ․Կեղծարարություն․Հիմարություն» գիրքը։ Գիրքը ստի, կեղծիքի, հիմարության ֆենոմենոլոգիական հետազոտություն է, որտեղ տեսական դիտարկումներն ու գործնական մոտեցումները միահյուսված են։ Հատկապես Սարտրի և Արենդտի փիլիսոփայությունների համատեքստում Բրեյըրը վեր է հանում ճշմարտությանն ու դրա արժեզրկմանը, երևակայության բնույթին ու ստի կառուցվածքին, պատմական փաստերի խեղաթյուրմանը վերաբերող և նմանատիպ այլ հարցեր, որոնք բացահայտում են, թե ինչպես է ժամանակակից աշխարհում ճշմարտության հանդեպ վստահության կորուստը պարարտ հող դառնում նոր տեսակի խաբեությունների համար։ 

Թարգմանությունը անգլերենից և ծանոթագրությունները՝ Դավիթ Մոսինյանի։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում