9 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օգոստոսի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» առաջին տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։
Քրիս Յուանի «Աղջկա որսը» երկրորդ տեղում է։ Մեն կղզու լեգենդար մոտոցիկլավարի որդին՝ Ռոբը վթարի է ենթարկվում։ Հիվանդանոցում ամեն ինչ ներկայացվում է որպես դժբախտ պատահար, բայց, իրականում, տղան, իր կամքից անկախ ներքաշվել է մութ պատմության մեջ։ Ռոբը կարող էր հարցեր չտալ և մնալով հիվանդանոցում՝ ապաքինվել, բայց նա որոշում է գնալ վթարի հետքերով՝ վտանգելով կյանքը՝ և արդյունքում նաև բացահայտելով դառը ճշմարտությունը, որը թաքցնում էր իր ընտանիքը։
Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» երրորդ տեղում է։ «Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս խորհրդանշանագետ հերոսը իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։
Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» չորրորդ տեղում է։ Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...
Հինգերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ֆրիդա Մըքֆեդենի «Նա հետևում է քեզ» գիրքը վեցերորդ տեղում է։
Հեղինակը պատմում է, որ հերոսուհին՝ Միլին, աշխատանքը կորցնելուց հետո նույնիսկ ապրելու տեղ չունի և ստիպված է քնել իր հին մեքենայի մեջ։ Երիտասարդ աղջկա անցյալը հաշվի առնելով` գործատուները չեն շտապում աշխատանքի վերցնել նրան։ Բայց մի օր նա անսպասելի զանգ է ստանում։ Քաղաքի լավագույն թաղամասում գտնվող մի շքեղ առանձնատանը նրան սպասուհու աշխատանք են առաջարկում և հրավիրում ապրել այնտեղ…
Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը յոթերորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:
Աննա Ջեյնի «Կոտրված սիրտը» ութերորդ տեղում է։ Ես ամեն օր տեսնում եմ նրան դիմացի տան պատուհանից: Նա իմ նոր դպրոցի ամենաուժեղ տղան է: Գեղեցիկ, վտանգավոր և միայնակ տղան, ում համար բոլորը խենթանում են, իսկ նա ինձ չի էլ նկատում: Մի անգամ նա փրկեց ինձ դասընկերուհիներիցս, ովքեր որոշել էին իմ կյանքը դժոխքի վերածել: Բոլորի մոտ հայտարարեց, որ ես իր ընկերուհին եմ և գողացավ իմ առաջին համբույրը: Այժմ ոչ ոք չի համարձակվում ինձ վիրավորել, քանի որ չեն ուզում նրա հետ որևէ գործ ունենալ: Փոխարենը ես պետք է կատարեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը: Ես նրան տանել չեմ կարողանում, բայց ստիպված եմ ենթարկվել, եթե ուզում եմ դպրոցը առանց խնդիրների ավարտել: Ու՞մ սիրտն է կոտրվելու: Ի՞մ, թե՞ նրա:
Մայք Օմերի «Զոհի աչքերով» գիրքն իններորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները», որը նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է, տասներորդ տեղում է։ Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է։ Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով։ Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև։
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | նոր | | Մայք Օմեր, «Մարդասպանի վերադարձը» | Դավինչի | 361 |
| 2 | -1 | Քրիս Յուան, «Աղջկա որսը» | Դավինչի | 144 | |
| 3 | 0 | Դեն Բրաուն, «Դա Վինչիի ծածկագիրը» | Զանգակ | 88 | |
| 4 | -2 | Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» | Դավինչի | 69 | |
| 5 | * | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 69 | |
| 6 | նոր | Ֆրիդա Մըքֆեդեն, «Նա հետևում է քեզ» | Դավինչի | 65 | |
| 7 | +1 | Աննա Ջեյն, «Երկրպագուն» | Բուքփրայզ | 64 | |
| 8 | -3 | Աննա Ջեյն, «Կոտրված սիրտը» | Բուքփրայզ | 52 | |
| 9 | 0 | Մայք Օմեր, «Զոհի աչքերով» | Դավինչի | 48 | |
| 10 | * | Էլիֆ Շաֆաք, «Սիրո քառասուն կանոնները» | Անտարես | 41 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: