Ուկրաինան և Լեհաստանը կստեղծեն ԱԹՍ-ների հարցերով համատեղ աշխատանքային խումբ
2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Լեհաստանը համաձայնության են եկել անօդաչու ավիացիոն համակարգերի հարցերով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը Լեհաստանի պաշտպանության նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ:
«Անօդաչու թռչող սարքերի հարցերով խմբի կազմի մեջ կմտնեն Ուկրաինայի և Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ: Այդ խումբը կդառնա հարթակ համատեղ նախաձեռնությունների համակարգման և մշակման համար: Մենք կինտեգրենք պաշտպանության նորագույն տեխնոլոգիաները և կնախաձեռնենք նոր նախագծեր, որոնք պետք է բարձրացնեն մարդկանց և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը», - նշել է Շմիհալը:
Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքային խմբի կենտրոնական տարրը կլինեն համատեղ ուսումնական ծրագրերը: Նախարարը նաև նշել է, որ այդպիսով Կիևն ու Վարշավան անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք, նրանց խոսքով, սպառնում են եվրոպական երկրներին:
Սեպտեմբերի 10-ի առավոտյան Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր, որ ոչնչացրել է շուրջ երկու տասնյակ ռուսական ԱԹՍ, որոնք խախտել են երկրի օդային տարածքը: Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ն Լեհաստանի խնդրանքով գործի է դրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ դաշինքի անդամների խորհրդակցություններ սկսելու համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի մի քանի մարզերում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Լեհաստանի տարածքում օբյեկտների խոցում չի պլանավորվել։