Երևանյան աստղագիտական գիտաժողովը քննարկումների և միջազգային շփումների կարևոր հարթակ է. մասնակիցների գնահատականը
6 րոպեի ընթերցում

Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվող «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» խորագրով միջազգային գիտաժողովն ավանդաբար ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցներին հազվադեպ հնարավորություն է ընձեռվել ունկնդրելու երեք աշխարհամասերի երկրներից ժամանած առաջատար գիտնականների զեկույցները, հետևել նրանց ներգրավմամբ հետաքրքիր և բովանդակալից քննարկումներին: Անվանի խոսնակներն էլ իրենց հերթին կարևորում են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն վերածվել է ոլորտի առավել արդիական հարցերի քննարկման և երիտասարդ հեռանկարային գիտնականների հետ անմիջականորեն շփվելու պահանջված հարթակի:
Այդ հանգամանքը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնչեցրին շատ մասնակիցներ, որոնցից մի քանիսի խոսքը ներկայացնում ենք ստորև:
Կանարյան կղզիների ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավար դոկտոր Յոհան Կնապեն ոգևորվածությամբ նշեց, որ մինչև գիտաժողովը հասցրել է որոշ գիտելիքներ և հմտություններ փոխանցել աստղագիտության ոլորտն ընտրած երիտասարդներին:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Նիդեռլանդներից եմ, բայց հիմա աշխատում եմ Տեներիֆեում: Շատ ուրախ եմ այստեղ անցկացվող նման կարևոր գիտաժողովին մասնակցելու համար, քանի որ Հայաստանը լուրջ ավանդույթներ ու մեծ պատմություն ունի աստղագիտության ոլորտում և շարունակում է նշանակալի հաջողություններ արձանագրել: Կարևորելով նման միջոցառումները՝ նախորդ շաբաթ նույնիսկ հատուկ դասընթացներ անցկացրեցինք, որպեսզի երիտասարդ աստղագետներին և համակարգչային գիտություններով զբաղվողներին սովորեցնենք տիրապետել արհեստական բանականության, ինֆորմատիկայի և հարակից ուղղությունների համապատասխան գործիքներին ու վերլուծական մոտեցում դրսևորել հետազոտություններին»,- հայտնեց Յոհան Կնապեն՝ հավելելով, որ ինքը մասնագիտացած է մոտակա գալակտիկաների ուսումնասիրության ոլորտում և տիրապետում է դրան նպաստող աստղադիտակների աշխատանքի կարգավորման անհրաժեշտ նրբություններին:
Անտոն Պանեկուկի ինստիտուտը և Ամստերդամի համալսարանը ներկայացնող Լեքս Կապերը՝ Նիդեռլանդներից, նման գիտաժողովները կարևորեց տարբեր երկրների գործընկերների հետ հաղորդակցվելու տեսանկյունից:

«Շատ կարևոր է, որպեսզի աստղագիտական համայնքի բոլոր հատվածները ներկայացնող գիտնականները հանդիպելու և շփվելու հնարավորություն ունենան: Դրան նպաստող կարևորագույն հարթակներից է Հայաստանում անցկացվող այս գիտաժողովը, որի ընթացքում կարողանում ենք զրուցել տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի մեր գործընկերների հետ: Սա կարևորագույն հանգամանք է: Այստեղ խոսելու եմ աշխարհում ամենամեծ աստղադիտակի՝ MOSAIC-ի մասին, որը ներկայումս կառուցման փուլում է: Այն ունենալու է 39 մետր տրամագծով օբյեկտիվ և կկարողանա հույժ կարևոր տվյալներ ապահովել գիտնականների համար»,- տեղեկացրեց Լեքս Կապերը:
«Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» միջազգային գիտաժողովն անցկացվում է սեպտեմբերի 15-19-ը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում: Այն նվիրված է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի հետազոտության (Բյուրականի առաջին հետազոտություն (FBS), որը 2011 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հիշողություն» միջազգային վավերագրական ժառանգության ցանկում) 60-ամյակին և Վիրտուալ աստղադիտարանների միջազգային դաշինքին (IVOA) անդամակցող Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) ստեղծման 20-ամյակին։
Քննարկումների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու պատմական ու ժամանակակից աստղագիտական տվյալներին՝ Մարգարյանի ու կարևոր այլ շրջահայությունների, ինչպես նաև արտաարեգակնային և աստղագիտական թեմաներին, տվյալների թվայնացման ու արխիվացման գործընթացներին, մեծ տվյալների կիրառությանը, վիրտուալ աստղադիտարանների աշխատանքին, վերլուծական գործիքների կիրառմանը և այլն։
Մասնակցում են աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, պահոցների, վիրտուալ աստղադիտարանների և մեծ տվյալների ոլորտներում մասնագիտացող միջազգային ճանաչման արժանացած գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։
Ակնկալվում է, որ գիտաժողովը կնպաստի աստղագիտության ոլորտում ստացված դիտողական տվյալների ամփոփման նպատակով աստղագիտական խոշոր հետազոտությունների ուսումնասիրմանն ու քննարկմանը, Մարգարյանի և այլ հետազոտությունների կարևորմանը, աստղագիտական կատալոգների, տվյալների բազաների և պահոցների դիտարկմանն ու քննարկմանը, ընթացիկ և նախատեսվող խոշոր հետազոտությունների մասին տեղեկացմանը, աստղագիտության փոփոխմանը տվյալների խոշոր հավաքածուների ազդեցության ուսումնասիրությանը, տվյալների մեծ հավաքածուների հետ աշխատելու գործիքներին և մեթոդներին ծանոթանալուն, աստղագետների և ինֆորմատիկայի մասնագետների համատեղ ջանքերով իրականացվող աստղագիտական հետազոտությունների ապագայի քննարկմանը:
Գիտաժողովի շրջանակում սեպտեմբերի 15-ին համագործակցության հուշագիր կնքվեց Բյուրականի և Չինաստանի վիրտուալ աստղադիտարանների միջև:
Համաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ։
ASBD նախորդ երկու գիտաժողովներն անցկացվել են 2015 և 2020 թվականներին։
