Քաղաքականություն

Միրզոյանը ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով  շնորհված Բարեկամության շքանշանը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով  շնորհված Բարեկամության շքանշանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ, այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։

Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում