ԱՄՆ գաղտնի ծառայությունը կխստացնի անվտանգությունը Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ. WSJ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության ղեկավարության պաշտպանության համար, որոշում է կայացրել խստացնել անվտանգությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ՝ Յուտայի նահանգում պահպանողական հայացքների տեր ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ անվտանգության միջոցները պետության ղեկավարի մասնակցությամբ զանգվածային միջոցառումների ժամանակ խստացվելու են: Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը: Թրամփը մտադիր է Պենտագոնում մասնակցել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Նա նաև կդիտի բեյսբոլի մրցախաղ Նյու Յորքում:
Պահպանողական ակտիվիստ և նախագահ Թրամփի աջակից 31-ամյա Քըրքին գնդակահարել են սեպտեմբերի 10-ին Օրեմ քաղաքի (Յուտայի նահանգ) համալսարանում ելույթի ժամանակ։ Նա հիվանդանոցում մահացել է ստացած վիրավորումից։ Իրավապահները շարունակում են կրակողի որոնումները։ Ավելի վաղ սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել և հարցաքննությունից հետո ազատ էին արձակվել։ Հետաքննության վարկածով՝ դիպուկահարը կրակել է Քըրքի ելույթի վայրին մոտ գտնվող շենքի տանիքից: