Կրթություն

Սկզբունքային և համակարգային փոփոխություններ. ԱԺ-ում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

6 րոպեի ընթերցում

Սկզբունքային և համակարգային փոփոխություններ. ԱԺ-ում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նախարարը շեշտել է, որ նախագծի ընդունումը շրջադարձային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար. նախագիծն անցել է քննարկումների լայն փուլ, առաջին ընթերցումից հետո ստացված ավելի քան 120 առաջարկները քննարկվել և հիմնականում ներառվել են նախագծում: Կարևոր կարգավորումներ են նախատեսվում ներառականության, բուհերի և գիտական կազմակերպությունների արդյունավետ գործունեության և զարգացման հետ կապված:

Նախարարն անդրադարձել է նաև օրենքի նախագծով Գիտությունների ազգային ակադեմիայի համար սահմանված կարգավորումներին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների հարցերին ու դիտարկումներին: 

«Սկզբունքային և համակարգային փոփոխություններ են առաջարկվում, որոնց ընդունմամբ  կապահովվեն բարձրագույն կրթության և գիտության զարգացման նոր պայմաններ։ Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպվել են հանրային լսումներ, նախագիծը շատ մանրամասն և դետալային քննարկվել և լրամշակվել է՝ հիմք ընդունելով ստացված առաջարկները»,- նախագծի զեկուցման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխություններին:

Ըստ նախարարի՝  հստակեցվել են ներառականությանն ուղղված դրույթները,  ճշգրտվել են գիտահետազոտական գործունեության կարգավորումները՝ համագործակցելով ոլորտային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Գիտուժ» նախաձեռնության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ են ընդունվել՝  հստակեցնելով և լրամշակելով համապատասխան հասկացությունները, որպեսզի դրանք  լինեն ավելի ամբողջական և ընդգրկեն նաև փորձարարական մշակումների և տեխնոլոգիական լուծումների բաղադրիչը:

«Հստակեցվել  են օտարալեզու կրթություն կազմակերպելու կարգավորումները, որոնք թույլ կտան, որպեսզի բուհերն ակտիվորեն աշխատեն միջազգայնացման ուղղությամբ՝ ընդգրկելով արտերկրի ուսանողների: Այս առումով բավականին լուրջ հետաքրքրություն կա՝ հաշվի առնելով նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի` արդեն մեկնարկած ընթացքը։ Միաժամանակ, բազմաթիվ իրավական բնույթի խմբագրական դիտարկումներ են եղել, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Օրենքի նախագիծը շատ լավ քննարկված է, դաշտն ամբողջությամբ պատրաստ է այս փոփոխություններին»,-ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝  նախագծի ընդունումից հետո աշխատանքի նոր փուլ է սկսվելու: 

Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթը ենթադրում է  նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման մեծածավալ աշխատանք, որով նոր կարգավորումները կգործեն ամբողջությամբ՝ ապահովելով մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգ՝ միտված հանրային և պետական շահերի սպասարկմանը։

Անդրադառնալով բուհերի զարգացման համար նախանշվող կարգավորումներին՝  նախարարը նշել է, որ  օրինագծով պահանջներ է սահմանվել ինչպես պետական և մասնավոր, այնպես էլ միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության համար:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակադեմիական քաղաքում բացի հանրային բուհերից՝ նախատեսում է նաև միջազգային և մասնավոր բուհերի տեղակայվածություն, որոնք կունենան տարբեր ուղղություններ:

Նոր օրենքի նախագծով՝ Գիտությունների ազգային ակադեմիան խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա: Նախարարի խոսքով՝ նման գործառույթ ԳԱԱ-ն այսօր էլ ունի, սակայն միաժամանակ ծանրաբեռնված է կառավարչական և վարչատնտեսական մի շարք գործառույթներով:

«Գործառույթների ազատմամբ ԳԱԱ-ն,  ըստ էության,  հնարավորություն է ստանում ամբողջությամբ իրացնելու խորհրդատվական փորձագիտական կարևորագույն ներուժը՝ հատկապես բարդ ու ռազմավարական խնդիրների կարգավորման համար:  Գիտական ինստիտուտներն ունենալու են զարգացման նոր և լայն հեռանկարներ. այսօր յուրաքանչյուր գիտաշխատողի բաժին է ընկնում երկու վարչական աշխատող, որն անարդյունավետ մոտեցում է։ Կարծում եմ՝ ինստիտուտների կառավարչական ու վարչատնտեսական փոփոխություններն արդյունավետության էական բարձրացում են ապահովելու ոլորտում»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ  օրենքի ընդունումից հետո կարող են լինել ինչպես բուհերի կազմում գործող, այնպես էլ առանձին գիտական ինստիտուտներ: 

Առաջարկվող օրենքն այդ իմաստով շատ հստակ սահմանում է նպատակները. պետք է հիմնավորված լինի՝ առանձին գործող գիտական ինստիտուտները ի՞նչ խնդիր են լուծելու: Ըստ նպատակի՝ նախագծվ նման հնարավորություն նախատեսվում է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործընթացին, ապա, ըստ նախարարի, բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների միավորման հայեցակարգ է մշակվում, և յուրաքանչյուր բուհի և գիտական ինստիտուտի մասով կլինի առանձին որոշում: 

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ նախագծում ընդգրկված առաջարկների  90  տոկոսից ավելին  ներկայացվել է շահառուների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում