Տնտեսություն

ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանության համատեղ նախաձեռնությունները

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանության համատեղ նախաձեռնությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) քարտուղարության կողմից կազմակերպված առաջին համատեղ սեմինարի ընթացքում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի արդի խնդիրներն ու համագործակցության հնարավոր ուղիները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցներն ընդգծել են սպառողական իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, հատկապես էլեկտրոնային առևտրի համատեքստում։ 

Սեմինարի մեկնարկին ԵԱՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վալենտին Տատարիցկին իր ողջույնի խոսքում նշել է, որ թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԱՍԵԱՆ-ի շրջանակում կուտակվել է արժեքավոր փորձ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, որը կարող է նպաստել քաղաքացիների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը երկու միավորումների տարածքում։ 

Նա վստահություն է հայտնել, որ մասնակից երկրների կողմից ներկայացված լավագույն փորձերը կարող են գործնական կիրառություն գտնել և նպաստել ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ու կառույցների գործուն համագործակցությանը։ 

Սեմինարի շրջանակում ԵԱՏՀ-ի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սինկևիչը և ԱՍԵԱՆ սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդի գրասենյակի գլխավոր քարտուղար Ռոննարոնգ Փհուլպիպատը ներկայացրել են իրենց երկրներում կիրառվող ազգային քաղաքականությունները և քննարկել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ 

Ընդգծվել է, որ փոխկապակցված շուկաների պայմաններում առավել կարևոր է ստեղծել իրավահավասար պայմաններ սպառողների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

Սեմինարի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել նաև սահմանից դուրս (տրանսսահմանային) էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրներին։ Քննարկվել է ինչպես սպառողների պաշտպանության իրավական մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ լավագույն միջազգային փորձի ներդրման անհրաժեշտությունը։

 Կողմերը համակարծիք են եղել, որ խնդիրների հաղթահարման ուղիներից է պետական մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև համախմբված մոտեցումների մշակումը։ Սեմինարի արդյունքներով կողմերը սահմանել են համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք կընդգրկվեն ԵԱՏՀ և ԱՍԵԱՆ համագործակցության նոր ծրագրում՝ նախատեսված 2026-2030 թվականների համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում