Հոնկոնգում արևադարձային փոթորկի պատճառով փակ են դպրոցները
1 րոպեի ընթերցում

Հոնկոնգում դպրոցներն ու շատ բիզնեսներ օգոստոսի 8-ին փակ են՝ պայմանավորված Տապահ արևադարձային փոթորկով, որը մոտենում է ուժեղ քամիներով ու հորդառատ անձրևներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով չեղարկվել են մի շարք թռիչքներ։
Օգոստոսի 8-ի առավոտվա դրությամբ՝ փոթորիկ հասցրած վնասները նվազագույն են, չկան տեղեկություններ սողանքների կամ խոշոր հեղեղումների մասին։ Այդուհանդերձ, տրանսպորտային միջոցների, այդ թվում և շոգենավերի, ավտոբուսների ու տրամվայների շարժը դադարեցված է։ Երկաթուղային փոխադրումներն իրականացվում են ավելի երկար ընդմիջումներով։
Հոնկոնգի միջազգային օդանավակայանի մոտակայքում գրանցվել են քամիներ 101 կմ/ժամ արագությամբ։
Չինաստանի Շենժեն քաղաքում ևս դպրոցները փոթորկի հետևանքով փակ են։