Քաղաքականություն

Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը

2 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը, որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը:

Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Էթիկայի կանոնագիրք» (Code of Conduct), «Բացություն եւ թափանցիկություն» (Openness and Transparency), «Մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունները» (Relations between Majority and Opposition) թեմաներով:

«Էթիկայի կանոնագիրք» թեմայով որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:

Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում