Տնտեսություն

Հայաստանն առողջապահության որակի բարելավման նպատակով Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ կներգրավի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն առողջապահության որակի բարելավման նպատակով Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ կներգրավի

Հայաստանի կառավարությունը արդյունքահեն վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ կներգրավի՝ առողջապահության  ոլորտում որակի բարելավման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 

«Նախատեսվում է արդյունքահեն վարկային ծրագիր՝ ուղղված առոողջապահության  ոլորտում որակի բարելավմանը»,–ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ հիշեցնելով, որ առողջապահության ոլորտի զարգացումը Կառավարության հիմնական առաջնահերթություններից է:

Նա նշեց՝ որակի բարելավումը ներառում է մի շարք ուղղություններ՝ ենթակառուցվածքների բարելավում, գործընթացների կազմակերպում, բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և այլ միջոցառումներ:

«Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվում է արդյունքահեն վարկավորման ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն է խթանել որակի զարգացումը, որակի ապահովումն առողջապահության համակարգում»,–ասաց փոխնախարարը:

Այս ծրագրով սահմանված են ցուցանիշներ, որոնք կատարելու դեպքում վարկ կտրվի ՀՀ կառավարությանը: Նշված ցուցանիշները վերաբերում են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատմանը, հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորման կարգավորմանը և լրամշակմանը, առողջապահական ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացմանը և էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավմանը:

«Յուրաքանչյուր ցուցանիշին հասնելուց հետո պետք է վերիֆիկացիա անցնենք և ապացուցենք, որ այդ ցուցանիշին երկիրը հասել է: Եվ միայն այդ դեպքում վարկից մասնահանում կկատարվի»,-նշեց Նանուշյանը:

Վարկի տոկոսադրույքը լողացող է, միջինում կազմում է 3.11 տոկոս: Կա նաև պարտավորության վճար՝ տարեկան 0.15 տոկոս դրույքաչափով: Վարկի ժամկետը 18 տարի է. արտոնյալ ժամկետը՝ 7 տարի, վարկի մարման ժամկետը՝ 11 տարի:

Ծրագրի ժամկետը, որի ընթացքում բոլոր ցուցանիշները Հայաստանը պետք է իրականացնի, 2028թ դեկտեմբերի 31-ն է: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում