4 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Սառա Գեյ Ֆորդենի, «Գուչչիների տունը»
1995 թվականի մարտի 27-ին նորաձևության ոլորտում հայտնի Գուչչիների տոհմի ժառանգը՝ Մաուրիցիո Գուչչին, սպանվում է աշխատանքի գնալու ճանապարհին: Երկու տարի անց նրա նախկին կնոջը՝ Պատրիցիա Ռեջջանիին, որին մամուլը հռչակել էր «Սև այրի», ձերբակալում են Մաուրիցիոյի սպանության մեղադրանքով: Սառա Գեյ Ֆորդենը փորձում է պարզել՝ Պատրիցիա՞ն է պատվիրել ամուսնու սպանությունը, թե սխալմամբ է բանտում հայտնվել:
Հեղինակը ամենայն մանրամասնությամբ շարադրում է նորաձևության տան վերելքի, վերահաս անկման և վերածննդի պատմությունը՝ շուքով, փայլով, ինտրիգներով ու ագահությամբ համեմված, և լրագրողական բծախնդրությամբ քննում է բարձր նորաձևության, մեծ փողերի և անձնական ողբերգության բոլոր նրբերանգները: Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի։ Խմբագիր՝ Գոհար Քալաշյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Սերենելա Կուարելո , Ալեսիո Ալչինի, «Անհետագիտարան»
Այս գիրքը հետաքրքրաշարժ ուղևորություն է, որը բացահայտում է ոչնչացված կամ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները։ Այս ճամփորդությունը կօգնի հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ կյանքի ոչ մի մասնիկ ու կենդանատեսակ չկորցնենք։ Ամենաանհայտ կենդանին էլ մեր մոլորակն ավելի հարուստ ու գեղեցիկ է դարձնում։ Յուրաքանչյուրի գոյությունն իր հիմնավորումն ունի, նրանց կորուստն անդառնալի է լինելու։ Հեղինակը ծանոթացնում է հայտնի ու անհայտ կենդանատեսակների՝ աղավնի Մարթայի և խխունջ Ջորջի, Դոդոյի, թասմանյան գայլի ու նույնիսկ նորից հայտնաբերված աստղազարդ գիշերվա գորտի պատմություններին։ Գիրքը նախատեսված է 6-9 տարիքային խմբի ընթերցողների համար։ Հետաքրքիր ուղևորություն դեպի գոյություն չունեցող կամ անհետացման եզրին գտնվող կենդանիների աշխարհ։ Թարգմանիչ՝ Լուսինե Շուքուրյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
Փաստավավերագրական գրականություն. Գաբրիել Գևին, «ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը»
«ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքում Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գևինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը: «Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», – ասում է հեղինակը: Հրատարակիչ՝ «Մեդիամաքս»։