93 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը
2 րոպեի ընթերցում

93 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Պետական ակադեմիական Մեծ թատրոնը։
«Այսօր երեկոյան 93 տարեկանում կյանքից հեռացել է մեր ժամանակների մեծագույն հանճարը, համաշխարհային դասական Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինը»,- նշվել է թատրոնի հաղորդագրության մեջ։
Թատրոնը նշել է, որ Ռոդիոն Շչեդրինը եզակի երևույթ է համաշխարհային երաժշտական մշակույթի կյանքում։
«Նրա օպերաները, բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշորագույն բեմերում։ Շչեդրինի անգին ստեղծագործական ժառանգությունը մշտապես արձագանք է գտնում հանրության սրտերում։ Սա հսկայական ողբերգություն է և անդառնալի կորուստ ամբողջ արվեստի աշխարհի համար»,-նշվել է հաղորդագրության մեջ։
Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի արժանացած Շչեդրինը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։
Նա հեղինակ է յոթ օպերայի, հինգ բալետի, երեք սիմֆոնիայի, տասնչորս համերգի, կամերային, գործիքային, վոկալ, երգչախմբային և ծրագրային երաժշտության բազմաթիվ ստեղծագործությունների, ֆիլմերի և թատերական ներկայացումների համար երաժշտության։
1958 թվականին Շչեդրինը ամուսնացել էր բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ, որը մահացել է 2015 թվականին։