Փարաքարում բացվեց Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի  Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի (ACT) բացման և  Գյումրիի տեղեկատվական կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշվեց բացմանը, Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը հավակնում է դառնալ ապագայի կրթության սկիզբը Հայաստանում՝ մեկ հարկի տակ միավորելով տեխնոլոգիան, արվեստը, ինժեներիան և ստեղծելով նոր հնարավորություններ երիտասարդների համար:

Նորաբաց ուսումնական հաստատության գործունեության ղեկավարումը կիրականացնի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ ապահովելով կրթական բարձր չափանիշները և ժամանակի պահանջներին համապատասխան ծրագրեր։ 

Ողջույնի խոսքում   «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասնեց, որ քոլեջն ունի երեք բաժին՝  Համակարգչային գիտություն, որտեղ շեշտը դրվելու է արհեստական բանականության ու կիբեռանվտանգության վրա, Թվային արվեստ՝ ավանադական արվեստի ու թվային հմտությունների տրամադրման համատեղմամբ, ինչպես նաև՝ Ինժեներություն ու արտադրություն: 

«Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը Հայաստանում զարգացնելու  է  ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև արտադրական ոլորտը: Այլևս չենք պատկերացնում կյանքի որևէ բնագավառ առանց տեխնոլոգիաների: Այդ իսկ պատճառով մեր քոլեջի կրթական ծրագիրը մենք անվանում ենք ապագայի կրթական ծրագիր, իսկ մասնագետներին՝ ապագայի մասնագետներ»,-ասաց Եղոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որի կողմից հաստատվել է այն չափորոշիչը, որը նոր է մուտք գործում կրթական համակարգ:

Նա վստահեցրեց, որ քոլեջում կձևավորվեն ոչ միայն արհեստական բանականության ու կիբեռանվտանգության մասնագետներ, այլ նաև ՀՀ պատասխանատու քաղաքացիներ, որոնք պատրաստ կլինեն ջանք ներդնել իրենց երկրի հզորացման ու բարգավաճման համար:

Եղոյանի տեղեկատվությամբ՝ քոլեջում առաջիկայում կհիմնադրվի Apple կրթական ակադեմիան՝ հագեցած համանուն համակարգչային տեխնիկայով: Բացի այդ՝ համագործակցություն է հաստատվել ԱՄՆ առաջատար բուհերից մեկի՝  Կոլումբիայի համալսարանի հետ, որտեղ հաջորդ տարվանից քոլեջի լավագույն ուսանողները ինժեներության ոլորտում անվճար դասերի կմասնակցեն:

Քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, շնորհավորելով առաջին ուսանողներին, համոզմունք հայտնեց, որ նորաբաց ուսումնական հաստատությունն իր ուրույն տեղը կունենա Հայաստանի կրթական համակարգում: 

Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, գործընկեր բոլոր կառույցներին, սփյուռքահայ բարերարներին ու Փարաքար համայնքի տարբեր տարիների համայնքապետերին, որոնց աջակցության ու ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել քոլեջի ստեղծման գաղափարը:

ՀՀ  ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ տարին մեկնարկել է Փարաքարի միջնակարգ դպրոցի նոր շենքի, իսկ նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նաև քոլեջի բացմամբ:

«Սա ցույց է տալիս այն շարունակական քաղաքականությունը, որը մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել բարձրաձայնելու՝  խոսելով այն մասին, որ կրթությունը դիտում ենք որպես առաջնահերթ ոլորտ մեր պետության զարգացման համար»,-շեշտեց Անդրեասյանը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտն ու քոլեջների դերը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ քոլեջի բացումը կարևորեց երկրի տնտեսության արտադրողականության բարձրացման ու թռիչքաձև զարգացման ապահովման համար մասնագիտական ներուժի պատրաստման տեսանկյունից:

«Հետևաբար, ես ուզում եմ շնորհավորել բոլոր 80 աշակերտներին, որոնք բացառիկ հնարավորություն ունեն այս միջավայրում սովորելու, որովհետև ապագայում տնտեսության մեջ իրացնելու տեսանկյունից անգնահատելի է լինելու այն գիտելիքը, հմտությունը, փորձառությունը, որ այստեղ փոխանցվելու է նրանց»,-ասաց նախարարը:

Քոլեջի գլխավոր բարերարների անունից ներկաներին քոլեջի բացման առթիվ շնորհավորեց նրանց ներկայացուցիչ Տիգրան Ալթունը:

«Մենք այսօր միասին դպրոց ենք բացում, որը ես համարում եմ ապագայի ներդրում:  Դպրոցը ոչ միայն գիտելիքի վայր է, այլև սերունդների դաստիարակության և ոգեշնչման տուն: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ այս դպրոցում սովորող աշակերտները դառնան զարգացած, կրթված, ուժեղ ու հայրենասեր քաղաքացիներ»,-ասաց Տիգրան Ալթունը: 

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Հայ օգնության ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ կարևորելով նորաբաց քոլեջի ապագա դերակատարությունը զարգացող աշխատաշուկայի համար մասնագիտական ապահովման առումով:

Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի բացմանը ներկա էր նաև  ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Արարողությունից հետո ներկաները շրջայց կատարեցին նորակառույց շենքում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

Հայերեն

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում

Չեխիայի նախագահական պալատում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ. Նիկոլ Փաշինյան

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով