Փարաքարում բացվեց Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը
6 րոպեի ընթերցում

Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի (ACT) բացման և Գյումրիի տեղեկատվական կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշվեց բացմանը, Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը հավակնում է դառնալ ապագայի կրթության սկիզբը Հայաստանում՝ մեկ հարկի տակ միավորելով տեխնոլոգիան, արվեստը, ինժեներիան և ստեղծելով նոր հնարավորություններ երիտասարդների համար:
Նորաբաց ուսումնական հաստատության գործունեության ղեկավարումը կիրականացնի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ ապահովելով կրթական բարձր չափանիշները և ժամանակի պահանջներին համապատասխան ծրագրեր։

Ողջույնի խոսքում «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասնեց, որ քոլեջն ունի երեք բաժին՝ Համակարգչային գիտություն, որտեղ շեշտը դրվելու է արհեստական բանականության ու կիբեռանվտանգության վրա, Թվային արվեստ՝ ավանադական արվեստի ու թվային հմտությունների տրամադրման համատեղմամբ, ինչպես նաև՝ Ինժեներություն ու արտադրություն:

«Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը Հայաստանում զարգացնելու է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև արտադրական ոլորտը: Այլևս չենք պատկերացնում կյանքի որևէ բնագավառ առանց տեխնոլոգիաների: Այդ իսկ պատճառով մեր քոլեջի կրթական ծրագիրը մենք անվանում ենք ապագայի կրթական ծրագիր, իսկ մասնագետներին՝ ապագայի մասնագետներ»,-ասաց Եղոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որի կողմից հաստատվել է այն չափորոշիչը, որը նոր է մուտք գործում կրթական համակարգ:
Նա վստահեցրեց, որ քոլեջում կձևավորվեն ոչ միայն արհեստական բանականության ու կիբեռանվտանգության մասնագետներ, այլ նաև ՀՀ պատասխանատու քաղաքացիներ, որոնք պատրաստ կլինեն ջանք ներդնել իրենց երկրի հզորացման ու բարգավաճման համար:
Եղոյանի տեղեկատվությամբ՝ քոլեջում առաջիկայում կհիմնադրվի Apple կրթական ակադեմիան՝ հագեցած համանուն համակարգչային տեխնիկայով: Բացի այդ՝ համագործակցություն է հաստատվել ԱՄՆ առաջատար բուհերից մեկի՝ Կոլումբիայի համալսարանի հետ, որտեղ հաջորդ տարվանից քոլեջի լավագույն ուսանողները ինժեներության ոլորտում անվճար դասերի կմասնակցեն:
Քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, շնորհավորելով առաջին ուսանողներին, համոզմունք հայտնեց, որ նորաբաց ուսումնական հաստատությունն իր ուրույն տեղը կունենա Հայաստանի կրթական համակարգում:

Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, գործընկեր բոլոր կառույցներին, սփյուռքահայ բարերարներին ու Փարաքար համայնքի տարբեր տարիների համայնքապետերին, որոնց աջակցության ու ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել քոլեջի ստեղծման գաղափարը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ տարին մեկնարկել է Փարաքարի միջնակարգ դպրոցի նոր շենքի, իսկ նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նաև քոլեջի բացմամբ:

«Սա ցույց է տալիս այն շարունակական քաղաքականությունը, որը մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել բարձրաձայնելու՝ խոսելով այն մասին, որ կրթությունը դիտում ենք որպես առաջնահերթ ոլորտ մեր պետության զարգացման համար»,-շեշտեց Անդրեասյանը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտն ու քոլեջների դերը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ քոլեջի բացումը կարևորեց երկրի տնտեսության արտադրողականության բարձրացման ու թռիչքաձև զարգացման ապահովման համար մասնագիտական ներուժի պատրաստման տեսանկյունից:

«Հետևաբար, ես ուզում եմ շնորհավորել բոլոր 80 աշակերտներին, որոնք բացառիկ հնարավորություն ունեն այս միջավայրում սովորելու, որովհետև ապագայում տնտեսության մեջ իրացնելու տեսանկյունից անգնահատելի է լինելու այն գիտելիքը, հմտությունը, փորձառությունը, որ այստեղ փոխանցվելու է նրանց»,-ասաց նախարարը:
Քոլեջի գլխավոր բարերարների անունից ներկաներին քոլեջի բացման առթիվ շնորհավորեց նրանց ներկայացուցիչ Տիգրան Ալթունը:

«Մենք այսօր միասին դպրոց ենք բացում, որը ես համարում եմ ապագայի ներդրում: Դպրոցը ոչ միայն գիտելիքի վայր է, այլև սերունդների դաստիարակության և ոգեշնչման տուն: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ այս դպրոցում սովորող աշակերտները դառնան զարգացած, կրթված, ուժեղ ու հայրենասեր քաղաքացիներ»,-ասաց Տիգրան Ալթունը:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Հայ օգնության ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ կարևորելով նորաբաց քոլեջի ապագա դերակատարությունը զարգացող աշխատաշուկայի համար մասնագիտական ապահովման առումով:
Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Արարողությունից հետո ներկաները շրջայց կատարեցին նորակառույց շենքում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
