Հայաստան

ՄԻՊ-ն անդրադարձել է Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների բարձրաձայնած խնդրին՝ կապված իրենց աշխատանքային իրավունքների հետ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն անդրադարձել է Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների բարձրաձայնած խնդրին՝ կապված իրենց աշխատանքային իրավունքների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ 

«Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:

Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:

Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Իջևանում գործող «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերության հնդիկ աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պնդելով, որ իրենց աշխատավարձերը չեն վճարվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում